Լրահոս
    25.02.19, 15:10

    Բացահայտվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանից կատարված գողությունը. մեկ անձ ձերբակալվել է

    Բացահայտվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանից կատարված գողությունը. մեկ անձ ձերբակալվել է

    ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է թաղապետարանից կատարված գողությունը: Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է:

    Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 22-ի ժամը 18:00-ից մինչև փետրվարի 25-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, օգտվելով պատուհանի բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարան և 2-րդ հարկի աշխատասենյակներից գաղտնի հափշտակել տարբեր տեսակի իրեր:

    Դեպքի առթիվ 2019թ. փետրվարի 25-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Աշխատակիցները ճանաչվել են տուժող և ցուցմունք տվել:

    Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Աբովյան քաղաքի բնակիչ՝ ծնված 1969թ.: Նշենք, որ վերջինս համաներմամբ ազատ է արձակվել 2018թ. նոյեմբերի 16-ին:

    49-ամյա տղամարդը հարցաքննվել է դեպքի շուրջ: Վերջինիս խուզարկությամբ հայտնաբերվել են թաղապետարանից հափշտակված իրեր:

    Առերևույթ հափշտակություն կատարելու կասկածանքով 1969թ. ծնված տղամարդը ձերբակալվել է:

    Նախաքննությունը շարունակվում է:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: