Լրահոս
12.01.22, 06:03

Բացահայտվել է քողարկված ֆինանսական բուրգի որոշակի մասի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2013թ-ից Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում հիմնված և Միացյալ Թագավորությունում «Vodanet British LTD» կազմակերպության հաշվառմամբ քողարկված ֆինանսական բուրգի մասի՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Կանադայի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների հանցավոր համաձայնությամբ 2016 թ-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալելու մի շարք հանգամանքներ:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն «VODA» անվան ներքո հանդես եկող հանցավոր խմբի բարձրագույն աստիճանակարգում գտնվող անդամների կազմակերպմամբ ծրագրվել և գործարկվել է բուրգի կազմում նոր անդամների և գույքային միջոցների ներգրավման՝ օրենքով արգելված և բարոյապես խեղաթյուրված համակարգ: Արդյունքում, «միջազգային հեղինակավոր ընկերության» կազմում բիզնես գործունեություն իրականացնելու հնարավորություն ընձեռնելու և այդպիսի գործունեությունից խոշոր շահույթ ստանալուն նախատրամադրելու նպատակով՝ փուլային դասընթացների պատրվակով հավաքագրել և ընդգրկել են բազմաթիվ քաղաքացիների՝ դրդելով վերջիններիս հաշվառվել «voda.net», «vodanet.io» ցանցային հարթակներում և կատարել 450 ԱՄՆ դոլարից մինչև 21.000 ԱՄՆ դոլար գումարի չափով հյուրանոցային փաթեթների թվացյալ ամրագրումներ, ինչը ներկայացվել է որպես երաշխավորված ներդրում՝ ընկերության կազմում գործելու թույլտվության դիմաց։

Ավելին, ֆինանսական բուրգի կազմում կուտակված միջոցները հանցավոր խմբի կազմից դուրս գործող մասնակիցների միջև վերաբաշխումը նվազագույնի հասցնելու, ինչպես նաև նոր տուրիստական թվացյալ փաթեթներ ձեռք բերած նոր ներդրողների կողմից այդ փաթեթեների շահագործումը բացառելու նպատակով մշակվել են եկամուտների ստացման և վերաբաշխման ֆունկցիոնալ համակարգեր, ինչպես նաև փաթեթների շահագործման այնպիսի տարաժամկետում, որն ակնհայտորեն ոչ ձեռնտու պայմաններ է առաջացրել այն շահագործել ցանկացող գերակշիռ մեծամասնության համար։

2018թ-ի հունիսի 20-22-ն ընկած ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից իրականացված քրեական հետապնդումների շնորհիվ «Vodanet British LTD» ընկերության գործունեությունը կասեցվել, իսկ նրա անվան ներքո գործող «voda.net», «vodanet.io» կայքերի գործունեությունը դադարեցվել է, որպիսի հանգամանքներում ֆինանսական բուրգ հանդիսացող համակարգը տարրալուծվել և բաժանվել է մի քանի խմբավորումների միջև: Այնուհետև հանցավոր խմբավորման մի քանի անդամներ վերակազմակերպվել ու Կանադայում հաշվառել են «Onyxum» անվանմամբ ընկերությունը և համացանցում գործարկելով համանուն «onyxum.com» կայքն ու վերախմբավորելով «Vodanet British LTD» անվան ներքո գործունեություն ծավալած կազմակերպված հանցավոր խմբավորման հիմնական համակարգողներին՝ արդեն ներգրավված մարդկային ռեսուրսներին վերատիրանալու դիտավորությամբ ստանձնել են նշված «կազմակերպության» իրավահաջորդությունը և Հայաստանի Հանրապետության տարածքում՝ արդեն մշակված և կատարելագործված մեթոդիկայով, չկոնկրետացված միասնական դիտավորությամբ շարունակել են, առանց գույքն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության, նոր ներդրողների ներգրավումից գույքային շահույթ ստանալուն ուղղված ֆինանսական բուրգի համալրումը։ Այդ նպատակի իրականացման համար Երևան քաղաքում և ՀՀ բազմաթիվ բնակավայրերում հիմնվել են համանուն տարածքային գրասենյակներ, որտեղ փուլային դասընթացների պատրվակով հավաքագրվել և ընդգրկվել են բազմաթիվ քաղաքացիներ, որենց մոտ համոզմունք է ձևավորվել, որ կարող են մատչելի եղանակով կատարել բարձրակարգ հյուրանոցային փաթեթների թվացյալ գնումներ և իրավունք ստանալ «արտասահմանյան հեղինակավոր ընկերության» համակարգում շահավետ եղանակով իրականացնել տուրիստական փաթեթների վաճառք, որում ներգրավվելու նախապայմանը հանդիսացել է տուրիստական փաթեթ գնելը. այսինքն` որոշակի չափով գույքի ներդրում կատարելը, իսկ գումար աշխատելու միակ հնարավոր եղանակը պայմանավորված է եղել նոր ներդրողների ներգրավմամբ և նրանց կողմից կատարված գնումների հաշվին որոշակի տոկոսների ստացմամբ։

Բավարար ապացույցների հիման վրա մինչ օրս մեղադրանք է առաջադրվել «VODA» և «Onyxum» անվան ներքո գործող ֆինանսական բուրգի մասը ստեղծող և համակարգող 11 անդամների: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ հանցանքի կատարման մեխանիզմում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ  «Onyxum.com» կայքի, համանուն ընկերության գրասենյակների, համանման ծառայություններ մատուցող այլ ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելուց, քանզի էապես մեծ է հավանականությունը, որ դրա արդյունքում անձը կարող է դառնալ հանցագործության զոհ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: