Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը․ մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված հսկայածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում 2017թ․ ընթացքում իրականացված կոռուպցիոն չարաշահումների, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մի քանի դեպքի հանգամանքները։
Մասնավորապես, ՊՈԱԿ-ի և «Շրջ…» ՍՊ ընկերության միջև 2016թ. մայիսի 2-ին կնքվել է 6.020.000 ՀՀ դրամ արժողության՝ ծառայությունների մատուցման գնման պայմանագիր, որով նախատեսվել է իրականացնել 25.000 քմ տարածքի ցանկապատման, մեկ տարեկան շիվերից պատրաստված 300.000 կտրոնների տնկմամբ տնկարանի հիմնման աշխատանքներ:
Պարզվել է, որ պայմանագրով նախատեսված ժամկետում «Շրջ..» ՍՊ ընկերության կողմից նախատեսված աշխատանքներ, մասնավորապես՝ տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով նախատեսված 600 գծամետր մետաղական ցանցի, 1.800 գծամետր փշալարի, 200 հենասյուների տեղադրմամբ 25.000 քմ տարածքի ցանկապատումը ամբողջ ծավալով չեն կատարվել, փոխարենը՝ ընդամենը 4.000 քմ մակերեսով տնկարան է հիմնվել, փաստացի չկատարելով ընդհանուրը՝ 3.682.691,85 ՀՀ դրամ արժողության աշխատանքները: Նման պայմաններում «Շրջ..» ՍՊ ընկերության տնօրեն, միաժամանակ նաև ՊՈԱԿ-ի տնտեսական բաժնի պետի և ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց միջև կազմվել են պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարված լինելու հանգամանքը հաստատող կեղծ փաստաթղթեր, որոնց հիմքով ՊՈԱԿ-ի կողմից Ա/Ձ-ին փոխանցվել է պայմանագրի ամբողջ գումարը: Այդ կերպ ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձը ծառայողական լիազորությունների օգտագործմամբ, երկու այլ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով հափշտակել է ՊՈԱԿ-ի խոշոր չափերով՝ 3.682.691,85 ՀՀ դրամ գումարը:
Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության (նախկին) «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Կ...» Ա/Ձ-ի միջև 11.07.2017թ. կնքվել է «Մասնագիտական և լաբորատոր հետազոտություններ» ծառայությունների ձեռքբերման պայմանագիր, որով ծառայության ընդհանուր գինը կազմել է 3.000.000 ՀՀ դրամ:
Պարզվել է, պայմանագրով սահմանված ժամկետներում՝ 2017թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին, Ա/Ձ-ի կողմից չեն կատարվել պայմանագրով նախատեսված աշխատանքները, մասնավորապես չի իրականացվել թռչունների և ցերեկային թիթեռների մոնիթորինգ, թռչունների և թիթեռների ֆաունայի տարբերության վերլուծություն, էկոտուրիստական երթուղիների մշակում։ Այդ պայմաններում, սակայն, կազմվել են պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարված լինելու հանգամանքը հաստատող կեղծ փաստաթղթեր, որոնց հիմքով ՊՈԱԿ-ի կողմից Ա/Ձ-ին փոխանցվել է պայմանագրի ամբողջ գումարը: Այդ կերպ իր տեղակալի և Ա/Ձ-ի օժանդակությամբ վերոնշյալ բարձրաստիճան պաշտոնատար անձը վատնման եղանակով հափշտակել է նշված գումարը:
Բացի այդ, նշված բարձրաստիճան պաշտոնատար անձը ՀՀ կառավարության համապատասխան որոշումից տեղեկանալով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորատուս մասնաճյուղում 20 հա, իսկ Մարտունի մասնաճյուղում 44 հա մակերեսներով տարածքների անտառտնկարկների մաքրման համար ՊՈԱԿ-ի հետ 83.875.000 ՀՀ դրամ արժողությամբ դրամաշնորհի պայմանագիր կնքելու հեռանկարի մասին՝ մինչև 2017թ. հոկտեմբերին պայմանագրի կնքումը, իր ենթակաների միջոցով կազմակերպել և սկսել է մաքրման աշխատանքները, իսկ իր վաղեմի ծանոթներից՝ «Ար...» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, նույն աշխատանքների իրականացման վերաբերյալ ձևական պայմանագիր կնքելու մասին:
Դրամաշնորհով ՊՈԱԿ-ին հատկացվող գումարի վերաբերյալ պայմանագիրը կնքելու օրը հատկացվող միջոցները խաբեությամբ հափշտակելու և այդ գումարի հանցավոր ծագումը թաքցնելու և դրան օրինական տեսք տալու նպատակով ՊՈԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձի նախաձեռնությամբ առանց «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, «Ար.» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ-ն և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձը ստորագրել են «Մարտունու» և «Նորատուս» տեղամասերում ընդհանուր 64 հա մակերեսով տարածքներում անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացնելու պարտավորություններ ստանձնելու վերաբերյալ պայմանագիր։
Պարզվել է, որ տեխնիկական հսկողություն իրականացնող «Պ.» ՍՊԸ-ն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, ինչի պայմաններում տեխնիկական հսկիչը հաստատել է Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացված հաշվետվությունները, որոնց համաձայն պայմանագրի շրջանակներում, իբրև թե, ՊՈԱԿ-ը կատարել է մաքրման աշխատանքներն ամբողջ ծավալով։ Մինչդեռ քննությամբ, հիմնավորվել է, որ սահմանված ժամանակահատվածում Մարտունու տեղամասում մաքրման ենթակա 44 հա տարածքից փաստացի մաքրվել է ընդամենը 28,43 հա տարածքը:
Դրա հիման վրա նախարարությունում հաստատված է համարվել, որ կատարված աշխատանքները համապատասխանում են պայմանագրի տեխնիկական բնութագրին, և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվին 3 փուլերով փոխանցվել է դրամաշնորհի պայմանագրի ողջ գումարը ընդհանուր շուրջ 83.875.000 ՀՀ դրամ` փաստացի 20.405.214 ՀՀ դրամի աշխատանքներ կատարված չլինելու պայմաններում`:
Հանցավոր ծագում ունեցող 20.405.214 ՀՀ դրամի ՀՀ դրամին օրինական տեսք տալու նպատակով կատարողական կեղծ ակտի հիման վրա ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձը հաստատել է դուրս գրված հաշիվ-ապրանքագիրը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվից «Ար.» ՍՊԸ-ի հաշվին է փոխանցվել 41.633.000 ՀՀ դրամ։ ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ.-ն կատարել է ձևականորեն գրանցված աշխատակիցների համար օրենքով նախատեսված սոց. վճարները և այլ պարտադիր վճարումները, իսկ մնացած գումարը կանխիկացրել է և առձեռն հանձնել վերոնշյալ բարձրաստիճան պաշտոնատար անձին: Վերջինս գումարը ստանալուց հետո Ա.Պ.-ին վճարել է նախապես խոստացված 240.000 ՀՀ դրամ` 2 ամիս իրականացրած հաշվապահության համար, իսկ գումարի մի մասով կատարել վերցրած վարկի մասնակի մարում, մյուս մասը մուտքագրել իր հաշվեհամարին:
Այս հանցավոր արարքները կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի, տեխնիկական հսկողություն իրականացնող «Պ...» ՍՊԸ տնօրենի, ՊՈԱԿ-ի Նորատուս և Մարտունի մասնաճյուղերի տնօրենների, «Ար...» ՍՊԸ տնօրենի, «Շրջ...» ՍՊԸ տնօրենի նկատմամբ` պաշտոնեական կեղծիք կատարելու, որոշների նկատմամբ 2 դրվագ ծառայողական լիազորություններն օգտագործելով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով խարդախությամբ հափշտակություն կատարելու, իսկ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի և «Ար․․․» ՍՊԸ-ի տնօրեի նկատմամբ՝ նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։
2023 թվականի հուլիսին միջնորդություն էր ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որ բավարարվել էր մասնակի և կիրառվել էր վարչական հսկողություն` համակցված գրավով: 10.08.2023թ-ին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի առաջին ատյանի որոշումը և նշված անձի նկատմամբ կիրառել կալանք` 2 ամիս ժամկետով, սակայն հնարավոր չի եղել նրան հայտնաբերել, քանի որ վնասելով վարչական հսկողության նպատակով մարմնին ամրացված հսկողության սարքը՝ վերջինս դիմել է փախուստի: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Մեղադրյալներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է հանցագործության կատարման վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, մեկ անձի նկատմամբ նույն հիմքով հանրային քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել:
Մյուս 4 անձանց մասով նախաքննությունը ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։
Պատճառված վնասի վերականգման նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից վերոնշյալ անձանց անշարժ գույքերի նկատմամբ կիրառվել է արգելադրում։