Լրահոս
16.02.21, 14:02

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ. չորս անձի մեղադրանք է առաջադրվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ. չորս անձի մեղադրանք է առաջադրվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթան, իրացման մեխանիզմը, պարզվել հանցավոր խմբի անդամներից հինգի ինքնությունը, որոնցից 4-ին մեղադրանքներ են առաջադրվել, ևս մեկը ներգրավվել է որպես մեղադրյալ և հայտարարվել հետախուզում:

Մասնավորապես՝ Երևանի բնակիչ, 28-ամյա երիտասարդի մոտ  խոշոր չափերով՝ շուրջ 4,13 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց հայտնաբերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս նշված թմրամիջոցը ձեռք է բերել մշտական բնակության վայր չունեցող 28-ամյա երիտասարդից, որին էլ իր հերթին, քննության տվյալներով, թմրամիջոցն իրացրել է Երևան քաղաքի 36-ամյա բնակիչը: Անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է 1 հատ «Լիրիկա» տեսակի դեղահաբ և խոշոր չափով՝ 0,59 գրամ քաշով, «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:  Պարզվել է, որ 36-ամյա տղամարդը թմրամիջոցը ձեռք է բերել Ագարակ քաղաքի 44-ամյա բնակչից, որն էլ իր հերթին՝ ազգությամբ պարսիկ, ԻԻՀ քաղաքացուց:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ագարակ քաղաքի բնակիչը թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը մասնակից է դարձրել իր 14-ամյա որդուն. պատանու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 200 գրամ «Մեթամֆետամին» և 0,5 գրամ քաշով «Մարիխուանա», իսկ բնակարանի խուզարկությամբ՝ 50 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ:

Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ հայ-իրանական սահմաի մոտակայքում, ազգությամբ պարսիկ, ԻԻՀ վերոհիշյալ քաղաքացու կողմից առանձնապես խոշոր չափով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց իրացնելու վերաբերյալ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված վայրում հայտնաբերվել է 465 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի բնակիչ, 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  268-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-ամյա տղամարդուն՝ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Ագարակի բնակչին՝ 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, վերջինիս 14-ամյա որդուն՝ 34-38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ 28-ամյա մյուս երիտասարդը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցավոր շղթայում ներգրավված այլ անձանց առկայությունը, նրանց ինքնությունը, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: