Բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք. պետական բյուջե է վերականգնվել 300.000.000 ՀՀ դրամ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։
Քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոմեքենաների մասերի ու այլ պարագաների ներմուծմամբ և առևտրով զբաղվող ընկերության տնօրենը, լինելով ընկերության հաշվապահական հաշվառումը կազմակերպելու, հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր ու տեղեկություններ սահմանված ժամկետում հարկային մարմին ներկայացնելու, հարկերը ճիշտ և ինքնուրույն հաշվարկելու, ժամանակին վճարելու համար պատասխանատու անձ, նույն ընկերության հաշվապահի հետ նախնական համաձայնությամբ, հարկեր չվճարելու նպատակով, խախտելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները, 2016 թվականի սեպտեմբերից 2020 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում թաքցրել է ընկերության հարկման օբյեկտը: Այն է՝ վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ և դուրս չի գրել հարկային հաշիվներ, իսկ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր։
Քրեական վարույթով ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ընկերության տնօրենի և հաշվապահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին):
Նախաքննության ընթացքում ընկերության հիշյալ պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե են վճարել 300 000 000 ՀՀ դրամ։
Նախաքննությունը շարունակվում է։