Բացահայտվել է Ուկրաինայի քաղաքացուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապրիլի 8-ին տեղի ունեցած ավազակային հարձակումը։ Կասկածյալները ձերբակալվել են։
Ավելի վաղ տեղեկացրել ենք͵ որ ապրիլի 8-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած 2 անձինք ապօրինի մուտք են գործել Ուկրաինայի Հանրապետության բնակչուհու կողմից Երևան քաղաքում վարձակալած բնակարան և պահանջել գումար՝ սպառնալով դանակի, ատրճանակի և էլեկտրահարող սարքի միջոցով վտանգավոր բռնություն գործադրել նրա և այդ պահին տանը գտնվող կնոջ ծանոթի նկատմամբ։ Հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկը էլեկտրահարող սարքով վնասել է կնոջ աջ ձեռքը։ Հափշտակելով կանխիկ գումար͵ ինչպես նաև կնոջ կաշվե պայուսակը՝ բնակարան մուտք գործած անձինք հեռացել են։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով:
Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը͵ ովքեր ձերբակալվել են և հարցաքննվել։ Նրանց մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն͵ որի ժամանակ կասկածյալները նկարագրել են բնակարան մուտք գործելու եղանակը͵ հայտնել բնակարանից հափշտակված կանացի պայուսակի գտնվելու վայրը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: