Լրահոս
    26.08.19, 10:33

    Բացահայտվել են 22-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել մեկ անձի

    Բացահայտվել են 22-ամյա երիտասարդին ծանր  մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել մեկ անձի

     ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 22-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ:

    2019 թվականի օգոստոսի 23-ին`  ժամը 19.45-ի սահմաններում, հիվանդանոցներից մեկից  ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Ձախ արմնկահոդ և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչը՝ ծնված 1996թ.:

    Դեպքի առթիվ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով:

    Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2019թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի փողոցում գտնվող գեղեցկության սրահի դիմաց անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, 1986 թվականին ծնված երիտասարդը իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նույն թաղամասի 22-ամյա բնակչին, որի ընթացքում վերջինս ինքնապաշտպանության նպատակով իր մոտ գտնվող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել:

    Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ: 

    1986 թվականին ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  112-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու և հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

    Նախաքննությունը շարունակվում է:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: