Բացահայտվել են Արմավիրի մարզում կատարված գողության մի շարք դեպքեր
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են Արմավիրի մարզում կատարված գողության մի շարք դեպքեր:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը, 2020թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նախնական դիտավորությամբ, օգտվելով Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Երվանդ Քոչար փողոցում գտնվող արհեստանոցի դուռը չկողպված լինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել ներս և հափշտակել տարբեր արժողության կենցաղային իրեր՝ քաղաքացուն պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Բացի այդ, 2018-2020թթ. ընթացքում, 53-ամյա տղամարդը մի քանի անգամ երկաթյա ձողով բացելով Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի 204 հասցեի մայթեզրին գտնվող դիտահորի կափարիչը, ապօրինի մուտք է գործել այնտեղ և իր հետ նախապես վերցրած գյուղատնտեսական մկրատով կտրելով հեռախոսային մալուխը՝ գաղտնի հափշտակել է այն՝ ընկերությանը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 53-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ):
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: