Բացահայտվել են Արտաշատ քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքերը. մեկ անձ ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Արտաշատ քաղաքում կատարված ավազակային հարձակման հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինս ձերբակալվել է:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում գործող մթերային խանութ և ատրճանակն ուղղելով խանութի վաճառողուհու ուղղությամբ՝ վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել է 10.000 ՀՀ դրամ: Այնուհետև, նույն սպառնալիքի գործադրմամբ պահանջել է վերջինիս մատին եղած ոսկյա մատանիները, սակայն վախենալով վաճառողուհու օգնության կանչերից, դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նույն օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցում գործող մթերային խանութ, որտեղ ատրճանակն ուղղելով խանութի սեփականատիրոջ ուղղությամբ՝ նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է 40.000 ՀՀ դրամ, սակայն նկատելով խանութ մտնող հաճախորդին՝ դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է մեկ այլ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Որոշում է կայացվել նշված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունները կատարած անձի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ է՝ ծնված 1990թ.: Վերջինս ձերբակալվել է՝ վերը նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով և տվել խոստովանական ցուցմունք:
Կասկածյալի մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, զննումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են ատրճանակը և դեպքի պահին նրա հագին եղած հագուստները:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: