Լրահոս
27.03.23, 14:33

Բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության և գողության փորձի բազմաթիվ դեպքեր

Բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության և գողության փորձի բազմաթիվ դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բազմաթիվ բնակարանային գողությունների և մեկ գողության փորձի դեպքեր:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 43-ամյա բնակիչը, հափշտակություն կատարելու շուրջ նախապես համաձայնության գալով 42-ամյա տղամարդու, առանձին դեպքերում՝ քննությամբ ինքնությունը չպարզված անձի հետ, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ագաթանգեղոս, Պուշկին, Ամիրյան փողոցների տարբեր շենքերի թվով 7 բնակարաններից 2022թ. տարբեր ամիսներին, օրվա տարբեր ժամերին, կատարել են գողություններ՝ բնակարան ապօրինի մուտք գործելու միջոցով։

Մասնավորապես, նախապես կատարելով դերաբաշխում՝ օժանդակող անձինք սպասել են դրսում՝ հսկելով շենքերի բակերի և մուտքերի անցուդարձը։ Իսկ 43-ամյա տղամարդը բարձրանալով համապատասխան հարկեր, հարմարեցված բանալու գործադրմամբ բացել է ինչպես ՀՀ քաղաքացիներին պատկանող, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների կողմից վարձակալված բնակարանների դռները և մուտք գործելով՝ հափշտակել է բջջային հեռախոսներ, համակարգիչներ, թանկարժեք ոսկյա զարդեր, փաստաթղթեր, տարբեր չափերի և արժույթների գումարներ, կենցաղային իրեր։ Մեկ դեպքում էլ վերջինս միայնակ է մուտք է գործել Պուշկին փողոցում գտնվող բնակարան և կատարել հափշտակություն:

Պարզվել է, որ նույն մեխանիզմով 43-ամյա տղամարդը փորձել է մուտք գործել Նալբանդյան փողոցում գտնվող շենքի բնակարան, սակայն չկարողանալով բացել է բնակարանի մուտքի դուռը, հանցակցի հետ հեռացել են:

Բացահայտված 7 դրվագ բնակարանային գողությունների դեպքերով պարզված՝ քաղաքացիներին պատճառված գույքային վնասը դրամական արտահայտությամբ կազմել է ընդհանուր 15,3մլն ՀՀ դրամ։

Ձեռք բերված տվյալների հիման վրա Երևան քաղաքի 43-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (7 դրվագ), 456-րդ հոդվածի 1-ին մասով և 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Իսկ 42-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 46-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել  բացակայելու արգելքը:

Նշված 2 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու։

Կատարված բնակարանային գողություններից մի քանիսին որպես օժանդակող մասնակցած այլ՝ դեռևս ինքնությունը չպարզված անձանց մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։ 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: