Լրահոս
13.04.18, 14:06

Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից քաղաքացիներից խաբեությամբ արժեքավոր իրեր հափշտակելու մի շարք դեպքեր (լուսանկարներ)

Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից քաղաքացիներից խաբեությամբ արժեքավոր իրեր հափշտակելու մի շարք դեպքեր (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են քաղաքացիներից՝ հանցավոր խմբի կազմում խարդախությամբ տարբեր արժեքավոր իրեր հափշտակելու մի շարք դեպքեր:

2018 մարտի 1-ին Աբովյան քաղաքի մի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ ինտերնետային կայքերից մեկում հայտարարություն էր տեղադրել իր «MSI 1080 TI» մոդելի տեսակրիչի վաճառքի վերաբերյալ, որից հետո իրեն զանգահարել է մի քաղաքացի և ներկայացել որպես գնորդ, սակայն խաբեությամբ հափշտակել է իր  խոշոր չափերի արժողության տեսակրիչը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացավում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հափշտակությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պարզվել մեխանիզմը, բացահայտվել նույն խմբի կողմից կատարված հափշտակության ընդհանուր առմամբ 7 դրվագ։

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ծանոթացել են «List.am» ինտերնետային կայքում քաղաքացիների՝ տարբեր իրեր վաճառելու հայտարարություններին: Այնուհետև՝ զանգահարել և ներկայացել են որպես գնորդ, պայմանավորվել գնելու հարցում, տարբեր անձանց միջոցով վերցրել են ապրանքները, սակայն գումարը չեն վճարել և հափշտակել։ Նման  մեխանիզմով քաղաքացիներից խաբեությամբ  հափշտակվել են հիմնականում բջջային հեռախոսներ, նոթբուքեր, ոսկյա զարդեր:

Քննությամբ պարզվել է խմբի անդամներից մեկի ինքնությունը՝ Անդրանիկ Ղազարյան, ով, ըստ նախնական տվյալների, առնչություն ունի նաև «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանի հետ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Անդրանիկ Ղազարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ խմբի գործողություններից հնարավոր է տուժել են նաև այլ անձինք։ Խնդրում ենք այն անձանց, ովքեր տուժել են լուսանկարում պատկերված անձի գործողություններից, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ խմբի բոլոր անդամների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական  գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: