Լրահոս
    29.01.19, 15:35

    Բանկի վրա զինված ավազակային հարձակում կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է

    Բանկի վրա զինված ավազակային հարձակում կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է

    ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ:

    Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 29-ին  անհայտ անձը մուտք է գործել «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ին պատկանող մասնաճյուղ և որպես զենք օգտագործվող առարկայի՝ կացնի գործադրմամբ կոտրել է բանկի մասնաճյուղի կառավարչի աշխատասենյակի ապակին, ապա կացինը թափահարելով հարձակվել է նրա վրա և կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է իրեն հանձնել գումար, սակայն բանկում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից վնասազերծվել է և բերման ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:

    Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

    Նախաքննության ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը ազգությամբ հայ Վրաստանի Հանրապետության քաղաքացի է` ծնված 1986 թվականին: Վերջինս հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է:

    Նախաքննությունը շարունակվում է:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: