Լրահոս
23.06.15, 15:05

Բերման ենթարկված անձինք հարցաքննվել են որպես վկա և ազատ արձակվել. Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ

Բերման ենթարկված անձինք հարցաքննվել են որպես վկա և ազատ արձակվել. Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է 2015 թվականի հունիսի 22-ին Բաղրամյան պողոտայում հասարակական կարգը խախտելու վերաբերյալ ինտերնետային լրատվական կայքի հրապարակման հիման վրա ՀՀ դատախազության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքիի 258-րդ հոդվածի առաջին մասով հարուցված քրեական գործը։
 
Դատախազի որոշման համաձայն՝ «Լրատվության միջոցի հաղորդման ուսումնասիրությամբ պարզվել է, որ  2015 թվականի հունիսի 22-ին՝ սկսած ժամը 19։30-ից, տևական ժամանակ մի խումբ անձինք, անօրինական  հավաք, երթ, ապա նաև նստացույց կազմակերպելով, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում ամբողջությամբ խափանել են հասարակական տրանսպորտի երթևեկությունը, բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, խաթարել անդորրը՝ դրանով իսկ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության անդամների նկատմամբ»։
 
Քրեական գործը դատախազությունից ուղարկվել է Արաբկիրի քննչական բաժին՝ նախաքննություն իրականացնելու։
 
ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործի վարույթը հունիսի 23-ից շարունակվում է Երևանի քննչական վարչությունում, ստեղծվել է քննչական խումբ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
 
Այս պահին կարող ենք փաստել, որ քննչական մարմիններին ներկայացված բոլոր անձինք հարցաքննվել են որպես վկա և ազատ արձակվել։ Ոստիկանության ստորաբաժանումների կողմից բերման ենթարկված անձանցից չեն հարցաքննվել 31-ը, որոնցից 28-ին ծանուցագրեր են տրվել՝ այլ օր հարցաքննության ներկայանալու համար և ազատ արձակվել, իսկ 3-ը, ինքնազգացողությունը վատթարանալու պատճառով, տեղափոխվել է բժշկական կենտրոն։
 
Հարցաքննության ժամանակ 3 քաղաքացի հայտնել է իր նկատմամբ կիրառված բռնությունների և ստացած վնասվածքների մասին, նրանց նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
 
Եւս 8 քաղաքացիական անձի մարմնական վնասվածքներով բժշկական հաստատություններ տեղափոխվելու վերաբերյալ ահազանգեր են ստացվել բուժհաստատություններից։
 
Մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմելու համար ահազանգեր են ստացվել նաև ոստիկանության 14 ծառայողից։

Քննություն է տարվում՝ պարզելու քաղաքացիական անձանց և ոստիկանների մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։
 
Քննության ընթացքի մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։