Բնակարանային գողություն՝ Լոռու մարզում. երկու անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Այսպես՝ Լոռու մարզի երկու բնակիչներ՝ ծնված 1991 և 1999 թվականին, նախապես իմանալով, որ նույն մարզի տարեց բնակիչը զբաղվում է անասնապահությամբ և կաթի վաճառքից ունի կայուն եկամուտ, իսկ բնակարանի մուտքի դուռը երեկոյան ժամերին առհասարակ չի կողպվում, կուտակված գումարային պարտքերը մարելու նպատակով նախնական համաձայնության են եկել վերջինիս առանձնատուն ապօրինի մուտք գործելով գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ:
Իրենց մտադրությունն իրականացնելու համար 2019 թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, տարեց տղամարդու առանձնատնից գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մագլցելով տան հարակից երկաթե պարսպի վրայով, ապօրինի մուտք են գործել առանձնատան բակ:
Այնուհետև, օգտվելով առանձնատան մուտքի դուռը չկողպված լինելու, ինչպես նաև տանտիրոջ քնած լինելու հանգամանքներից՝ ապօրինի մուտք են գործել առանձնատան առաջին հարկում գտնվող հյուրասենյակ և որպեսզի աննկատ մնան ու տանտիրոջ արթնանալու դեպքում կարողանան չեզոքացնել վերջինիս ձայնը, իրենց հետ նախապես վերցրած կպչուն ժապավենով կապել են քնած վիճակում գտնվող տանտիրոջ բերանը, որից հետո հյուրասենյակի պահարանից գաղտնի հափշտակել այնտեղ առկա կանխիկ գումարը և դիմել փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա տղամարդուն և 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: