Լրահոս
21.08.23, 12:27

Չարաշահումներ «Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ում. մեղադրանք է ներկայացվել տնօրենին. նախաքննությունն ավարտվել է

Չարաշահումներ «Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ում. մեղադրանք է ներկայացվել տնօրենին. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  «Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, 2008 թվականի ապրիլից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, իր լիազորություններն օգտագործելով, իրեն վստահված գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնօրենը, պաշտոնավարման ընթացքում, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող թվով ութ անձանց հրամանագրել է ՊՈԱԿ-ի տարբեր հաստիքներում և վերջիններիս աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմել, իր ստորագրությամբ և դպրոցի կնիքով վավերացրել է պաշտո­նա­կան փաստաթուղթ հան­դիսացող, բովանդակությամբ կեղծ աշխատաժամանակի հաշվարկի և աշխա­տա­վար­ձի վճարային տեղե­կա­գրերը, դրանց մեջ ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր հիշյալ անձինք հաճախել են աշխատանքի և կատարել են իրենց աշխա­տան­­քային պարտա­կանութ­յունները:

Այնուհետև, բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաս­տա­թղթերը ներկայացվել են վճարման, որի արդ­յունքում նրանց փոխարեն և նրանց անվամբ պե­տա­կան բյու­ջեի միջոցներից դուրս են գրվել ընդհանուր 13.643.343 ՀՀ դրամ աշխատավարձի գումարներ, որոնք յուարցման և վատնման եղանակով հափշտակվել են տնօրենի կողմից:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ):

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են  հսկող դատախազին:

Նախաքննության ընթացքում դպրոցի տնօրենը պատճառված վնասից վերականգնել է 3մլն. 700 հազ. ՀՀ դրամը:

Պատճառված վնասի մնացած մասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով, վարույթն իրականցնող մարմնի որոշմամբ, դպրոցի տնօրենի անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել:

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: