«Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում առերևույթ չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել նախկին տնօրենին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Քննությամբ պարզվել է, որ «Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, 2005-2018թթ. զբաղեցնելով նշված դպրոցի տնօրենի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2011թ. հուլիսի 1-ից մինչև 2015թ. սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար, առանց աշխատանքի ընդունելու մտադրության, հրամանագրել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող մի շարք անձանց, կազմել ու հաստատել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկագրեր, պետական բյուջեից ելքագրել և յուրացրել է խոշոր չափերի` ընդհանուր 2.295.546 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` նշված դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: