Լրահոս
26.03.19, 12:10

Չարենցավանում տեղի ունեցած ավազակային հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի երկու բնակչի

Չարենցավանում տեղի ունեցած ավազակային հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի երկու բնակչի

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի:

Քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Չարենցավան քաղաքի 42-ամյա բնակիչը ուրիշի գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել նույն քաղաքի 36-ամյա բնակչուհու հետ, որի հիման վրա՝ վերջինս խորհուրդներ և տեղեկատվություն է տրամադրել իր մտերմուհու՝ Չարենցավան քաղաքի 62-ամյա բնակչուհու բնակության վայրի, համատեղ բնակվողների, բնակարանում պահվող ոսկյա իրերի և գումարների գտնվելու վայրի մասին: 2019 թվականի մարտի 8-ին 36-ամյա կինը 42-ամյա տղամարդուն է տրամադրել իր կողմից նախապես պատրաստված դիմակը, անգույն կպչուն ժապավեն և  հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որից հետո վերջինիս հետ անընդհատ գտնվելով հեռախոսակապի մեջ՝ բնակարանում տանտիրուհու միայնակ գտնվելու վերաբերյալ հաղորդագրություն է ուղարկել նրան:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մարտի 8-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի 42-ամյա բնակիչը՝ դիմակավորված, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել 62-ամյա կնոջ բնակարան, որտեղ որպես զենք հանդիսացող դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ հարձակում է գործել վերջինիս վրա, թափանցիկ կպչուն ժապավենով կապելով տանտիրուհու ոտքերը և ձեռքերը՝ պահանջել է ոսկյա զարդեր և գումար, որից հետո նրան քարշ է տվել ննջասենյակ և այնտեղ գտնվող զգեստապահարանից հափշտակելով ոսկյա և արծաթյա զարդեր՝ դիմել է փախուստի՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 42-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով, իսկ 36-ամյա կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով:

Հաշվի առնելով, որ Չարենցավան քաղաքի 42 և 36-ամյա բնակիչներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը, գողոնն ամբողջությամբ վերականգնել, պատրաստակամություն հայտնել նախաքննությանն օժանդակելու, ինչպես նաև այն հանգամանքը, որ 36-ամյա կինն իր խնամքին ունի 3 անչափահաս երեխա՝ որոշում է կայացվել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: