Լրահոս
05.11.18, 07:49

Դանակահարության դեպք Հրազդանում. առերևույթ հանցագործություն կատարած անձն ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին

Դանակահարության դեպք Հրազդանում. առերևույթ հանցագործություն կատարած անձն ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 50-ամյա տղամարդու դանակահարության դեպքի հանգամանքները:

2018թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 10:05-ի սահմաններում, «Հրազդան» ԲԿ-ից Ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ իրենց մոտ «ձախ թուլակողի կտրած-ծակած, որովայնի խոռոչի թափանցող վերք հորիզոնական հաստ աղու վնասում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Հրազդան քաղաքի բնակիչ՝ ծնված 1967թվականին, և հայտնել, որ իրեն դանակահարել են:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում 2018թ. նոյեմբերի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նույն օրն ընդունվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթ: 50-ամյա տղամարդը ճանաչվել  է տուժող, սակայն, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել ցուցմունք տալ:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է նույն քաղաքի բնակիչ՝ ծնված 1977թ.: Վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը և ցուցմունք տվել դեպքի շուրջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու  և ցուցմունքում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: