Դանակահարություն՝ Արարատում. 28-ամյա երիտասարդը մահացել է, գիշերային ակումբի տնօրենը՝ մարմնական վնասվածքով տեղափոխվել բժշկական կենտրոն
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Օգոստոսի 6-ի վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխավան ավտոճանապարհի՝ «Վարդա» գիշերային ակումբի մոտ, դանակահարություն է տեղի ունեցել։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, հայտնաբերվել է երիտասարդի դի՝ բռնության հետքերով, որովայնի շրջանում կտրած-ծակած մարմնական վնասվածքով։ Վերջինիս ինքնությունը պարզվել է, ով 28 տարեկան է:
Երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Նախնական տվյալներով՝ նույն վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ է ստացել նաև ակումբի 34-ամյա տնօրենը, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և իրականացվում անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ երիտասարդի սպանության, ակումբի տնօրենի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: