Լրահոս
    21.01.16, 10:35

    Դանակահարություն Երևանում. հարուցվել է քրեական գործ

    Դանակահարություն Երևանում. հարուցվել է քրեական գործ


    2016թ. հունվարի 21-ին՝ ժամը 01.25-ին, Երևանի Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «աջ զստային շրջանի կտրած-ծակած, թափանցող վիրավորում ձախից` բարակ աղու և միջընդերքի վնասումով, վերանրակային շրջանի, կրծքավանդակի և սրունքի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գ.Սաթումյանը:

    Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

    Նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Սաթումյանը հիշյալ վնասվածքներն ստացել է նույն օրը՝ ժամը 00.40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 31 հասցեի մոտակայքում, դանակահարվելու հետևանքով:

    Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք ականատես վկաներ, նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ:

    Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։