Լրահոս
08.10.18, 05:52

Դանակահարություն Նանսենի անվան այգում. կնոջը դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ

Դանակահարություն Նանսենի անվան այգում. կնոջը դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք  վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 30-ամյա կնոջ դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինիս դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի՝ 36-ամյա բնակիչ:

2018թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի՝  1987 թվականին ծնված բնակչուհի՝ «ձախ կողային պատի կտրած-ծակած թափանցող արնահոսող վերք՝ փայծաղի վնասումով, սուր ներքին արնահոսություն» ախտորոշմամբ:  Ըստ հաղորդման՝ կինը նշված վնասվածքներն ստացել է Նանսենի անվան այգում:

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1982թ.: Վերջինս ձերբակալվել է՝ 30-ամյա կնոջը դանակահարելու կասկածանքով:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք  վարչական շրջանների քննչական բաժնում 07.10 2018թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 30-ամյա կինը ճանաչվել է տուժող:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 1982թ. ծնված տղամարդը տառապում է «խրոնիկական զառանցական խանգարում» հոգեկան հիվանդությամբ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաքրեագիտական, դատագենետիկական փորձաքննություններ, առգրավվել են տուժած կնոջ հագին դեպքի պահին  եղած հագուստները, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: