Լրահոս
05.06.24, 16:42

Դանակի գործադրմամբ պարեկի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար 23–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել և նա կալանավորվել է

Դանակի գործադրմամբ պարեկի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար 23–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել և նա կալանավորվել է

Պարզվել են Երևանի 23ամյա բնակչի կողմից, դանակի գործադրմամբ, ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի էական մի շարք հանգամանքներ։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2024թ մայիսի 26-ին նախաձեռնված քրեական քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մայիսի լույս 26-ի գիշերը Երևանի Գաջեգործների փողոցի շենքին հարակից խաչմերուկում, պարեկային ծառայողների կողմից կանգնեցվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա՝ վթարային իրավիճակ ստեղծելու համար։ Վարորդին վարչական պատասխանատվության ենթարկելու, նշված ավտոմեքենան պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու հարցերի պատճառով վիճաբանություն է առաջացել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության երկու պարեկի և վարորդի միջև, որին կարճ ժամանակ անց միացել են նաև նշված փողոցի մի խումբ բնակիչներ։ Վիճաբանությունը վերածվել է քաշքշուկի, որի ընթացքում հիշյալ անձինք հայհոյանքներ են հնչեցրել, հրմշտել պարեկներին։ Վերջիններս փորձել են վարչական ձերբակալումներ իրականացնելով, ինչպես նաև իրենց ամրակցված հատուկ միջոցներ կիրառելով վերականգնել կարգը, նաև օգնություն են կանչել այլ կարգախմբի։

Այդ ընթացքում հիշյալ բնակիչներից մեկը ոտքով հարվածել է պարեկներից մեկին, իսկ դեպքի վայրի մոտակայքում գտնվող տանը բնակվող 23–ամյա երիտասարդը, տեսնելով ու ճանաչելով իր թաղամասի մի խումբ բնակիչների, միջամտել է ու դանակը ձեռքին թիկունքից հարվածել հիշյալ պարեկին, որից հետո փորձել է փախչել՝ ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը պահելով գրպանում։ Սակայն վերջինս բռնվել է, իսկ դանակը, անձնական խուզարկությամբ, հայտնաբերվել է նրա գրպանում:    

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 23–ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքն առերևույթ կատարելու համար ներկայացվել է մեղադրանք։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: