Լրահոս
09.07.21, 08:30

Դասընթաց՝ ՀՀ քննչական կոմիտեում (լուսանկարներ)

Դասընթաց՝ ՀՀ քննչական կոմիտեում (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի թիվ 35-Լ հրամանով տրված հանձնարարականի համաձայն՝ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կողմից Կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների քննիչների համար կազմակերպվում են վերապատրաստման դասընթաց-սեմինարներ՝ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացման, ինչպես նաև այլ քրեական գործերով համակարգչային համակարգերում և տարբեր ցանցերում և տիրույթներում գտնվող փաստական տվյալների (էլեկտրոնային ապացույցներ) ձեռքբերման հմտություններ ձևավորելու նպատակով:

2021թ. հուլիսի 8-ին Քննչական կոմիտեում անցկացվեց երկրորդ դասընթացը՝ «Հայաստանի Հանրապետությունում բջջային, ֆիքսված կապի և ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերություններից տեղեկատվական աջակցության ստացման առանձնահատկություններն ու հիմնախնդիրները»  թեմայով, որը վարելու համար հրավիրվել է «Յուքոմ» ՓԲ ընկերության իրավական պարտավորությունների կառավարման թիմի ղեկավար Նաիրա Հարությունյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև «ՄՏՍ Հայաստան» և «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերությունների ՀՀ քննչական կոմիտեից ստացվող հարցումների կատարման համար պատասխանատու աշխատակիցներ:

Բացման խոսքով ելույթ ունեցավ հատկապես կարևոր գործերի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ՝ Ռոբերտ Ադիլխանյանը: Վերջինս ընդգծեց տվյալ ոլորտում կամավորության սկզբունքով գործընկերային  համագործակցության կարևորությունը, որի վառ արտահայտումն է 2015 թվականին ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ֆիքսված, բջջային և ինտերնետային կապի ծառայություններ մատուցող խոշոր ընկերությունների միջև կնքված Փոխընբռնման հուշագրի շրջանակներում տվյալների էլեկտրոնային եղանակով փոխանցման գործուն մեխանիզմի ներդրումն էր, ինչը հնարավորություն է տվել դատարանների որոշումների հիման վրա ստացվող տեղեկատվությունը ստանալ 1-ից 3 օրվա ընթացքում:

Դասընթացի մասնակիցներին ներկայացվել է տելեկոմունիկացիոն ընկերությունների կողմից տրամադրվող տեղեկատվության տեսակները, դրանց առանձնահատկությունները, ինչպես նաև տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ պայմանավորված տեղեկատվության ստացման նոր հնարավորությունները:

Հանդիպմանը քննարկվել է նաև համագործակցության զարգացման և բարելավմանն ուղղած հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև հարց ու պատասխանի ձևաչափով պատասխաններ են տրվել քննիչների առօրյա աշխատանքում հուզող հարցերին: