Դատապարտյալը փորձել է ձեռք բերել թմրամիջոց և հոգեմետ նյութ. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի կողմից թմրամիջոց, հոգեմետ նյութեր ձեռք բերելու փորձ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ դատապարտյալը, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում՝ 2014 թվականի նոյեմբերի 24-ին, իր անձնական օգտագործման համար, հանձնուքի միջոցով, փորձել է ապօրինի ձեռք բերել զգալի չափերով՝ 4,41 գրամ հաստատուն քաշով, մարիխուանա տեսակի և առանձնապես խոշոր չափերով՝ 9,6 գրամ հաստատուն քաշով, ացետիլացված ափիոն տեսակի, տնայնագործական եղանակով պատրաստված թմրամիջոցներ։
Հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ դատապարտյալի կամքից անկախ հանգամանքներով, քանի որ դրանք հայտնաբերվել ու վերցվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից՝ հանձնուքների ընդունման կետում կատարված զննությամբ:
Բացի այդ, նույն դատապարտյալի կողմից փորձ է արվել ձեռք բերել զգալի չափերով տրամադոլ տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, ինչը 2015 թվականի մարտի 2-ին հայտնաբերվել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից՝ հանձնուքների ընդունման կետում դատապարտյալի համար նախատեսված հանձնուքի զննությամբ:
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով:
Նրա մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթն և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Դատապարտյալին թմրամիջոց և հոգեմետ նյութ իրացրած անձին հայտնաբերելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: