Լրահոս
12.01.15, 13:00

Դաժան սպանություն Գյումրիում. Քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը

Դաժան սպանություն Գյումրիում. Քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը

Հունվարի 12-ին ահազանգ է ստացվել Գյումրիում 6 հոգու սպանության մասին։ Անհապաղ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

Դեպքի վայրում հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիակները՝

Ավետիսյան Սերյոժա Կարապետի
Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի
Ավետիսյան Աիդա Սերյոժայի
Ավետիսյան Արմեն Սերյոժայի
Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի
Ավետիսյան Հասմիկ Արմենի (2 տ.):

Ընտանիքի մյուս մանկահասակ երեխան՝ 2014 թվականին ծնված Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը։ Պարզվել է վերջինիս ինքնությունը, եւ միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արամ Թամազյանը եւ Վահագն Հարությունյանը։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: