Դիտավորությամբ երեք անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ երեք անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
2018թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 23.20-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ քաղաքացի: Նույն օրը՝ ժամը 23:50-ին, հաղորդում է ստացվել գլխի վնասվածքով բուժօգնության տեղափոխված քաղաքացու, իսկ 00:10-ին՝ «որովայնի և կրծքավանդակի ծակած վերքեր» ախտորոշմամբ քաղաքացու վերաբերյալ:
Պարզվել է, որ քաղաքացիները վնասվածքներն ստացել են Երևան քաղաքի Տիչինա փողոցի թիվ 121 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Ըստ բժշկի կողմից տրված տեղեկանքների՝ վերջիններս ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու, իսկ քաղաքացիներից մեկի ստացած մարմնական վնասվածքը թափանցող է՝ ստոծանու, ստամոքսի և փայծաղի վնասվածքներով:
Դեպքի առթիվ 2018թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրը ստացվել է քննչական բաժին:
Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել՝ վնասվածքներ ստացած երեք քաղաքացիներին տուժող ճանաչելու վերաբերյալ:
Հիշյալ հանցագործությունը կատարելու համար ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին են ինքնակամ ներկայացել առերևույթ հանցագործություն կատարած երկու քաղաքացիներ, որոնցից մեկը ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Նույն օրը վերջիններս ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին:
Քաղաքացիներից մեկը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման կասկածանքով: Վերջինս որպես կասկածյալ հարցաքննվել և տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Առերևույթ հանցագործություն կատարած մյուս քաղաքացու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ծնողի հսկողությանը հանձնելը, վերջինս որպես կասկածյալ հարցաքննվել և տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: