«Դոն Պիպո» մականվամբ հայտնի անձի կողմից ստեղծված հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու գործով մասնակիցներից մեկի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է զենքի գործադրմամբ խուլիգանության և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից մեկ անձի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Ա.Ա.-ն և վերջինիս կնոջ բարեկամ Կ.Ղ.-ն, նույն քաղաքում, անօրինական ազդեցության ոլորտը կարգավորելու հարցերը պարզաբանելու, իրենց հակառակորդ համարվող տարբեր անձանց, նրանց համախոհների ու մտերմների կողմից ցուցաբերած հանցավոր ակտիվությունը չեզոքացնելու նպատակով, ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն, որի կազմում մասնակցություն ունենալու և կազմակերպված հանցագործություններ կատարելու նպատակով հավաքագրել են իրենց բազմաթիվ մտերիմների, այդ թվում «Գոջու տղա Գուգո» մականվամբ հայտնի Գ.Ա.-ին և այլ անձանց: Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու և կատարված գործողություններին օրինական բնույթ հաղորդելու նպատակով Ա.Ա.-ն և Կ.Ղ.-ն վերջինիս անվամբ հիմնել են իբրև պահնորդական ծառայություններ մատուցող «Իմպերիա սեքյուրիթի» ՍՊ ընկերությունը և տարբեր անձանց՝ հատկապես մարզիկների, առաջարկել աշխատանքի անցնել այնտեղ՝ իբրև որպես պահնորդներ:
Հանցավոր կազմակերպության նպատակներին տարբեր եղանակներով հասնելու համար, դրանում ընդգրկված մի շարք անձինք ապօրինի կերպով ձեռք են բերել տարբեր տեսակի մարտական և ոչ մարտական հրազեններ, դրանց կրակելու համար նախատեսված տարբեր տեսակի փամփուշտներ, ռազմամթերք հանդիսացող այլ առարկաներ, որոնք ժամանակ առ ժամանակ կրելով, տեղից-տեղ փոխադրելով, պահել են տարբեր վայրերում՝ դժվարացնելով դրանց հայտնաբերման հնարավորությունը:
2021թ. մարտ ամսին Ա.Ա.-ի և վերջինիս հակառակորդ համարվող անձանց հարաբերությունները սրվել են, որից հետո վերջիններիս հրապարակայնորեն պատժելու և նրանցից վրեժխնդիր լինելու մոլուցքով դրդված, մարտի 14-ին Ա.Ա.-ն հանցավոր կազմակերպության անդամներին հանձնարարել է հավաքվել Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրում:
Նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, հիշյալ համալիր են ժամանել նաև հակառակորդ խմբավորման անդամներն ու կողմնակիցները՝ 4 տասնյակից ավելի անձինք, ապօրինի կերպով ձեռք բերած զենքերով: Վերը նշված երկու խմբավորումների կազմում ընդգրկված անձինք, իրենց անձի և խմբավորման առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, 2-3 րոպե տևողությամբ խաթարել են Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցի երթևեկությունը, աղմկել են, հայհոյել և փոխադարձ կռվի են բռնվել միմյանց հետ,որի ընթացքում առնվազն երեք՝ 9մմ /9x19/, 9մմ /9x18/ և 5,6x15մմ տրամաչափի ակոսափող հրազեններից և այլ զենքերից փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ: Արդյունքում, Ա.Ա.-ի կողմնակիցներից մեկը վնասվածք է ստացել գլխի հատվածում: Այդ ընթացքում հակառակորդ խմբավորման անդամները ծեծի են ենթարկել Կ.Ղ.-ին՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Հանցավոր կազմակերպության անդամ Գ.Ա.-ն, նախապես վերցրած և իր մոտ գտնվող «Վինչեստր» տեսակի զենքով, կրակոցներ է արձակել վիճաբանության մյուս կողմի մասնակիցների ուղղությամբ:
Վերը նկարագրված գործողությունների հետևանքով տագնապային իրավիճակում են հայտնվել դեպքի վայրի հարակից տարածքում գտնվող հասարակական օբյեկտների աշխատակիցները, բնակելի տների և բազմաբնակարան շենքերի բնակիչները, փողոցով պատահական անցնող անձինք: Նշված գործողություններից հետո ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք դեպքի վայրից դիմել են փախուստի:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության անդամներից մեկին՝ Գ.Ա.-ին, մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 319-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերջինիս վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: