Լրահոս
07.07.20, 12:39

Դպրոցի տնօրենի և տեղակալի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու գործն ուղարկվել է դատարան

Դպրոցի տնօրենի և տեղակալի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Կաթնաղբյուրի հիմնական դպրոց»-ի տնօրենի և տեղակալի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է, որ դպրոցի տնօրենը, 2015թ. զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016-2018թթ. շահադիտական նպատակով և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնական փաստաթղթերում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և դրանք դրել շրջանառության մեջ՝ կատարելով պաշտոնեական կեղծիքներ:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դպրոցի տնօրենը, հաստատապես իմանալով, որ իր հրամանով նույն դպրոցում 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում որպես ջեռուցող նշանակված իր դուստրը սովորել է համալսարաններից մեկի 5-րդ կուրսում, աշխատանքի չի հաճախել և 59 աշխատանքային օր բացակայել է, 2015թ. դեկտեմբեր, 2016թ. հունվար, փետրվար և ապրիլ ամիսների աշխատավարձի հաշվարկման և վճարման համար հիմք հանդիսացող աշխատանքի հաճախելիության վերաբերյալ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում», ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել՝ դստեր կողմից վերը նշված օրերին պատշաճ կարգով աշխատանքի հաճախելու և աշխատանքային  պարտականությունները կատարելու վերաբերյալ, դրանք վավերացրել իր ստորագրությամբ, ՊՈԱԿ-ի կնիքով և դրել դրանք շրջանառության մեջ, իսկ տնօրենի՝ արձակուրդում գտնվելու ժամանակ բովանդակությամբ կեղծ աշխատավարձի ցուցակները և վճարման հանձնարարագրերը կազմվել են նույն կազմակերպության տնօրենի ուսումնական գծով տեղակալի կողմից:

Պարզվել է նաև, որ դպրոցի տնօրենը, շարունակելով իր հանցավոր գործունեությունը, հաստատապես իմանալով, որ դուստրը 2017թ. նոյեմբերից մինչև 2018թ. մարտ ընկած  ժամանակաշրջանում ամուսնության հանգամանքով պայմանավորված Երևանում է բնակվում, աշխատանքի չի հաճախում, ինչպես նաև տեղյակ լինելով 2018թ.  հունիս-հուլիս ամիսներին հղիության և ծննդաբերության արձակուրդ մեկնելու հեռանկարի մասին, դպրոցի փոխտնօրենին և աշխարհագրության ուսուցչուհուն բանավոր կարգով հանձնարարել է դստեր փոխարեն դասավանդել համապատասխանաբար «կենսաբանություն» և «բնագիտություն» առարկաները՝ վերջինիս՝ աշխատանքից առանց հարգելի պատճառների բացակայելու հանգամանքը թաքցնելու, նրա ընդհանուր և մասնագիտական ստաժը չընդհատելու, աշխատատեղը նրա համար պահպանելու, նրա համար հղիության և ծննդաբերության արձակուրդ և երեխայի խնամքի արձակուրդ ստանալու, որպես վարձու աշխատող ավելի մեծ գումարի չափով մայրության նպաստ ստանալու իրավունքներն ապահովելու նպատակով:

2017թ. նոյեմբերից 2018թ. մարտն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամսվա համար կազմված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել՝ դստեր կողմից այդ  ժամանակահատվածում պատշաճ կարգով աշխատանքի հաճախելու և աշխատանքային պարտականությունները կատարելու վերաբերյալ, և դրանք վավերացնելով իր ստորագրությամբ և ՊՈԱԿ-ի կնիքով, բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթերը դրել շրջանառության մեջ, ապա իր ստորագրությամբ և կազմակերպության նույն կնիքով վավերացրել է աշխատավարձի կեղծ ցուցակները և վճարման հանձնարարագրերը, ելքագրել է դստեր անվամբ հաշվարկված աշխատավարձը, որը վերջինս ստացել և առձեռն փոխանցել է տնօրենի տեղակալին և աշխարհագրության ուսուցչուհուն:

Իսկ դպրոցի փոխտնօրենը,  տնօրենի դստեր՝ աշխատանքի չհաճախելու, նրա փոխարեն դասավանդելու  հանգամանքը թաքցնելու, նրան աշխատանքից ազատելու համար հիմքեր չստեղծելու և անձնական այլ դրդումներով, նշված ժամանակահատվածի համար իր կողմից կազմված 2 «Ուսուցչի բաց թողած և փոխարինած ժամերի հաշվառման մատյաններում» «բնագիտություն» և «կենսաբանություն» առարկաների դասաժամերը բաց թողնելու, այդ դասաժամերն իր և աշխարհագրության ուսուցչուհու կողմից փոխարինելու հանգամանքները դիտավորությամբ չներառելու և թաքցնելու եղանակով դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին և տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: