Դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ չարաշահումներ կատարելու համար
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց»-ի տնօրենը, ով 1996 թվականից մինչ օրս զբաղեցնում է հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, լիազորված լինելով իրականացնելու կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, չարաշահելով պաշտոնեական դիրքը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իրեն վստահված գույքի նկատմամբ ունեցած լիազորությունները, 2010թ. նոյեմբեր ամսից մինչև 2017թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում կատարել է մի շարք չարաշահումներ:
Մասնավորապես՝ տնօրենն աշխատանքի է ընդունել տարբեր անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել, սակայն յուրաքանչյուր ամիս ստորագրել և կնքել է ակնհայտ կեղծ գրառումներով լրացված, աշխատավարձի հաշվարկման հիմնք հանդիսացող պաշտոնական փաստաթղթեր: Նախաքննության տվյալներով՝ նշված անձանց փոխարեն աշխատանքները կատարել են այլ անձինք, և ՊՈԱԿ-ի բյուջեից դուրս գրված աշխատավարձերը հատկացվել են աշխատանքի չհաճախող անձանց փոխարեն աշխատանքները կատարած հիշյալ անձանց:
Բացի այդ, 2014-2017թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախած անձանց անվամբ ոչ միայն աշխատավարձեր են դուրս են գրվել, այլև որպես սոցփաթեթի շահառու պետական բյուջեից անհիմն փոխանցվել են գումարներ. պետության օրինական շահերին այդկերպ պատճառվել է գույքային վնաս:
Տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ տնօրենը աշխատակցուհիների անվամբ ՊՈԱԿ-ի բյուջեից որպես երեխայի խնամքի հետծննդյան և նախածննդյան արձակուրդի գումարներ է դուրս գրել և յուրացրել:
Այնուհետև տնօրենը աշխատակցուհու՝ աշխատանքի չհաճախելու պայմաններում, պետական բյուջեից աշխատող մայրերին մինչև երկու տարեկան երեխային տրվող գումար դուրս գրելու նպատակով վերջինիս անվամբ կազմել և տրամադրել է տեղեկանքներ՝ «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում աշխատելու վերաբերյալ, որոնք ներկայացվել են Կոտայքի մարզպետարանի սոցիալական աջակցության Չարենցավանի տարածքային գործակալություն, ինչի հիման վրա աշխատակիցը հաշվառվել է որպես նպաստառու:
Բացի այդ, ՊՈԱԿ-ի տնօրենը, որոշ աշխատակիցների կողմից աշխատանքի չներկայանալու պայմաններում ստորագրել և կնքել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատավարձի հաշվարկման հիմնք հանդիսացող տաբելները, ինչի հիման վրա՝ որպես աշխատավարձ հաշվարկվել ու ՊՈԱԿ-ի բյուջեից դուրս են գրվել գումարներ, որոնք յուրացվել են նրա կողմից:
Նախնական քննության տվյալներով՝ պետությանը պատճառված վնասն ընդհանուր առմամբ կազմել է 2 994 276 ՀՀ դրամ գումար, որը նախաքննության ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ամբողջությամբ վերականգնվել է:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների հիման վրա՝ «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: