Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայող Արամ Խաչատրյանի մահվան հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է
Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
Զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է 20.10.2017թ.՝ ժամը 12:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, աջ ուսագոտու շրջանում։ Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զինծառայողն ստացած հրազենային վնասվածքից մահացել է:
Մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Խաչատրյանն սպանության զոհ է դարձել, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտը։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։