Դժբախտ պատահար Ծաղկաձորում. մահացել է մանկահասակ երեխա
2016թ. փետրվարի 13-ին՝ ժամը 17.00-ին, «Հրազդան» ԲԿ ՓԲԸ-ից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, գանգոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մանկահասակ աղջիկ երեխա, ով անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ 2016թ. փետրվարի 14-ին՝ ժամը 22.40-ին, փոքրիկը հիվանդանոցում մահացել է:
Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերը փետրվարի 15-ին ստացվել են Կոտայքի մարզային քննչական վարչությունում, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 1 տարեկան 3 ամսական երեխան մարմնական վնասվածքն ստացել է 2016թ. փետրվարի 13-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Կեչարեցու փողոցի տներից մեկում՝ երկրորդ հարկի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Նախնական տվյալներով՝ մանկահասակ երեխան իր չորս ամյա եղբոր հետ գտնվել է երկրորդ հարկի ննջասենյակում՝ քնած: Որոշ ժամանակ անց մեծահասակները լսել են վայր ընկնելուն բնորոշ ձայն և շտապել հյուրասենյակ, որտեղ տեսել են փոքրիկին առաջին հարկի հատակին: Երեխան անմիջապես տեղափոխվել է Հրազդանի հիվանդանոց, իսկ այնտեղից՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ մեկ օր անց մահացել է:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար, փետրվարի 15-ին նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Երևան քաղաքի ԴԲՓ բաժնի փորձագետներին: