Լրահոս
15.04.15, 14:11

ԵՊՀ-ում նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ մատնության գործով նախաքննությունն ավարտվել է

ԵՊՀ-ում նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ մատնության գործով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը։
 
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Երևանի պետական համալսարանի երկրորդ կուրսի մի ուսանող, ունենալով ցածր առաջադիմություն, գտնվել է  համալսարանում ուսումնառությունից ազատվելու շեմին։ Տեղեկանալով, որ հայրը ցանկանում է այցելել համալսարան և հետաքրքրվել իր առաջադիմությամբ՝ ուսանողը, հոր այցը ԵՊՀ խափանելու համար, մարտի 19-ին զանգահարել է ոստիկանություն և նախապատրաստվող ահաբեկչության մասին տվել սուտ տեղեկություն։
 
Նույն նպատակով հոր այցը մարտի 20-ին ևս խափանելու համար ուսանողը մարտի 20-ին դրդել է իր ծանոթուհուն զանգահարել ոստիկանություն և նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալ։ Վերջինս երկու անգամ՝ օրվա տարբեր ժամերին, զանգահարել է ոստիկանություն և Երևանի պետական համալսարանում նախապատրաստվող ահաբեկչության մասին տվել կեղծ հաղորդում։
 
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ ուսանողին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի, 38-259-րդ հոդվածի հատկանիշներով (2 դրվագ), իսկ աղջկան՝  ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով (2 դրվագ):
 
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։  
 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։