Լրահոս
24.05.18, 14:08

Էրեբունի վարչական շրջանի տարածքում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Էրեբունի վարչական շրջանի տարածքում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նախնական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ 2018թ. ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Այվազովսկի 29 հասցեի դիմաց մի խումբ անձինք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, զուգորդվել անձի նկատմամբ բռնություն գործադրելով, այդ թվում՝ որպես զենք օգտագործված մահակի գործադրմամբ։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է խուլիգանությանը մասնակցություն ունեցած 4 անձի ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի. Ս.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Գ.Ազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, Ս.Բաղդասարյանին և Վ.Մխիթարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։  Քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնց քննարկումը դեռ ընթացքի մեջ է:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: