Երեխան հայտնաբերվել է Դեբեդ գետում. պարզվում են մահվան հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 2013թ. ծնված երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար։
2017 թվականի փետրվարի 14-ին` ժամը 11:30-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը` ժամը 11-ին, մահացած վիճակում բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ, 2013 թվականի ապրիլի 06-ին ծնված տղա երեխա:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 14-ին` առավոտյան, երեխան մոր ուղեկցությամբ գնացել է նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ մայրը նրան հանձնել է նշված հաստատության դաստիարակչուհու հսկողությանը։
Նախնական տվյալներով՝ ժամը 09։30-ի սահմաններում դաստիարակչուհին կազմակերպել է ներկա-բացակա, որին փոքրիկը ներկա եղել է, իսկ ստուգելու գործողությունն ավարտելուց հետո նկատել է, որ նա բացակայում է։ Ըստ դաստիարակչուհու՝ այդ մասին հեռախոսազանգով տեղեկացրել է երեխայի մորը։
Փոքրիկի դին հայտնաբերել է նրա պապը՝ նրան որոնելիս, նախադպրոցական ուսումնական հաստատությանը կից հոսող Դեբեդ գետում` բերանքսիվայր ջրում ընկած վիճակում, ոտքերով դեպի ափամերձ մասը և անմիջապես տեղափոխել «Ալավերդու բժշկական կետրոն» ՓԲ ընկերություն:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։