Լրահոս
09.02.15, 12:30

Երեւանի բնակիչ Մ.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձ կատարելու համար

Երեւանի բնակիչ Մ.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձ կատարելու համար

Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է քաղաքացի Օսեբ Մարկարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում որպես կասկածյալ ձերբակալված Մ.Պետրոսյանին այսօր մեղադրանք է առաջադրվել։ 

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երեւանի բնակիչ Մ.Պետրոսյանը 2015 թվականի փետրվարի 6-ին գնացել է Պռոշյան 2/1 շենքի նկուղային հարկում գտնվող, Օսեբ Մարկարյանին պատկանող գրասենյակ։

Վերջինիս հետ ունեցած պարտքուպահանջի հարցի շուրջ գրասենյակում առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ, գոտկատեղից հանելով ապօրինաբար իր մոտ կրվող, հրազեն հանդիսացող «ԻԺ-71» մոդելի «ՎԱՐ-7526» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակը՝ Մ.Պետրոսյանը կրակել է Օ.Մարկարյանի ուղղությամբ։ Վերջինս ստացել է մարմնական վնասվածք, սակայն, ըստ քննության տվյալների, Մ.Պետրոսյանը չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել՝ իր կամքից անկախ հանգամանքներով. գրասենյակում ներկա գտնվողները վնասազերծել են նրան:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Մ.Պետրոսյանին փետրվարի 9-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: