Լրահոս
02.06.20, 13:16

Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համաքաղաքացուն ծանր վնաս պատճառելու կասկածանքով

Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը  ձերբակալվել է՝ համաքաղաքացուն ծանր վնաս պատճառելու կասկածանքով

2020թ. մայիսի 31-ին՝ տարբեր ժամերի, «Միքայելյան» բժշկական կենտրոնից հաղորդումներ են ստացվել, որ որովայնի ձախ կողմի և աջ ազդրի կտրած-ծակած վերքեր,  ձախ ազդոսկրի վզիկի կոտրվածք և  փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել  Երևան քաղաքի 3 բնակիչներ:

Նախնական տվյալներով՝  նույն օրը՝ ժամը 01։15-ին, Մամիկոնյանց փողոցում չորս քաղաքացիներ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում  Երևան քաղաքի 31-ամյա բնակիչն իր մոտ եղած դանակով հարվածել է վիճաբանության մասնակիցներից մեկի՝ 42-ամյա համաքաղաքացու որովայնին և աջ ազդրին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հիվանդանոց տեղափոխված 3 քաղաքացիները տուժող են ճանաչվել:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում առգրավվել է առերևույթ հանցագործության գործիք դանակը: Հարցաքննվել են մի շարք անձինք:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

2020թ. մայիսի 31-ին Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը  ձերբակալվել է՝ համաքաղաքացուն ծանր վնաս պատճառելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: