Լրահոս
12.05.23, 17:23

Երևան քաղաքի բնակչից խարդախությամբ 5500 ԱՄՆ դոլար են հափշտակել, առևանգել, նրան և հորն ապօրինի զրկել ազատությունից և ազատ արձակել՝ դրա համար գումարն ստանալուց հետո. 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Երևան քաղաքի բնակչից խարդախությամբ 5500 ԱՄՆ դոլար են հափշտակել, առևանգել, նրան  և հորն ապօրինի զրկել ազատությունից և ազատ արձակել՝ դրա համար գումարն ստանալուց հետո. 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ պարզվել են անձից խարդախությամբ խոշոր գումար հափշտակելու, նրա առևանգման, ազատությունից ապօրինի զրկելու և շորթում կատարելու դեպքի էական հանգամանքներ:

Մասնավորապես, 2023թ. ապրիլի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում Երևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել մի խումբ անձանց կողմից իր և իր հոր նկատմամբ իրականացված մի շարք հանցագործությունների վերաբերյալ։

Այդ առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերով և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ: Որոշում է կայացվել` քննչական խումբ ստեղծելու մասին, հաղորդում տված երիտասարդը և նրա հայրը ճանաչվել են տուժող:

Իրականացվել են մեծածավալ վարութային և ապացուցողական գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու համար։ Միաժամանակ, հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներին՝ օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ ձեռնարկելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ: Վարույթի շրջանակում առգրավվել և զննվել են սուպերմարկետի արտաքին և ներքին տեսանկարահանող սարքերի՝ դեպքին առնչվող տեսագրությունները, նշանակվել են փորձաքննություններ:

Իրականացված համակարգված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուժող ճանաչված երիտասարդը 2023թ. ապրիլի 27-ին «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեղադրված հայտարարության հիման վրա, իրեն պատկանող 5500 ԱՄՆ դոլար գումարը բարձր փոխարժեքով դրամի վերածելու նպատակով, զանգահարել է նշված հայտարարության մեջ նշված հեռախոսահամարին։

Իր հետ հեռախոսազրույց ունեցած անձի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, վերջինիս ցանկությամբ, նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, երիտասարդը Երևանի Բագրատունյաց փողոցում գործող սոպերմարկետի մոտ հանդիպել է մեկ անձի և վերջինիս կողմից շահագործվող Տոյոտա մակնիշի ավտոմեքենայի մեջ գումարը փոխանցել է այդ անձին։ Վերջինս միայնակ մտել է հարակից սուպերմարկետ, գումարը փոխանցել վարույթով դեռևս չպարզված անձին և վերադառնալով հայտնել, որ գումարը փոխանցել է այլ անձի։ Երիտասարդը պահանջել է վերադարձնել իր կողմից տրված գումարը, ինչի շուրջ նրանց միջև ավտոմեքենայում ծագել է վիճաբանություն, որի հետևանքով վարորդը նշված վայր է կանչել այլ անձանց։ Վերջիններս, ժամանելով դեպքի վայր, սկսել են վիճաբանել երիտասարդի հետ, մեքենայի պատուհանից, ինչպես նաև սրահում ձեռքերով հավածներ են  հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։

Ապա գումարի հետ կապված վեճը շարունակելու նպատակով, տուժողի կամքին հակառակ, առևանգելով, վերջիններս նրան ավտոմեքենայով տեղափոխել են Երևան քաղաքի 16 թաղամասում գտնվող ավտոտնակ։ Դեպքի վայրում գտնվող երտասարդի հայրը, տեսնելով, որ որդուն տեղափոխում են, իր կամքով նրանց հետևից գնացել է նույն վայր։ Այնտեղ նշված անձինք երիտասարդի և նրա հոր կամքին հակառակ վերցրել են նրանց հեռախոսները, մտցրել ավտոտնակ և արգելել հեռանալ՝ այդ կերպ խմբով նրանց ապօրինի զրկելով ազատությունից։

Շարունակելով իրենց հանցավոր գործունեությունը՝ նշված անձինք խմբով, նախնական համաձայնությամբ, իբր տուժողի կողմից 5500 ԱՄՆ դոլարը «Տոյոտայի» վարորդից անհիմն պահանջելու և նրան խարդախության մեջ մեղադրալու համար, առևանգված երիտասարդին և ապօրինի ազատությունից զրկված նրա հորն ազատ արձակելու պայմանով, ինչպես նաև նրանց գույքը իրենց հանձնելու նպատակով շորթում կատարելով, պահանջել են 20000 ԱՄՆ դոլար և միաժամանակ բռնություն գործադրել, ծեծի ենթարկել նրանց, սպառնացել բռնություններ կիրառել նրանց մերձավորների նկատմամբ։ Սակայն ընթացքում սակարկելով՝ պայմանավորվել են մոտ 1.000.000 դրամի դիմաց ազատ արձակելու շուրջ և նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, ստանալով նշված գումարը` հիշյալ անձինք բաց են թողել տուժողներին:

Քննությամբ պարզվել է առերևույթ հանցավոր արարքներում ներգրավված 5 անձանց ինքնությունը։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 3-ին վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար ներկայացվել է մեղադրանք։ Դատարանի որոշմամբ վերոնշյալ 5 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որոնցից 2-ը կալանավորվել են և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ հայտնաբերելու նրանցից երրորդին և հարկադրաբար ներկայացնելու վարույթն իրականացնող մարմնին։ Մեկ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ 

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, մասնակից անձանցից յուրաքանչյուրի դերակատարությունը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ, միջոցներ են ձեռնարկվում նաև պարզելու այն անձի ինքնությունը, ում սուպերմարկետում փոխանցվել է 5500ԱՄՆ դոլարը:

Քննության ընթացքում տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ ավտոմեքենայում գումարը վերադարձնելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում վերոնշյալ՝ գործով տուժող ճանաչված երիտասարդն ատրճանակ է ցուցադրել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան շահագործող՝ գործով մեղադրյալ անձին՝ սպառնալով գումարը չվերադարձնելու դեպքում  վերցնել նրա կողմից շահագործվող ավտոմեքենան։

Այս դրվագով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առերևույթ ապօրինի կերպով հրազեն կրելու, ինչպես նաև՝ բռնություն գարծադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու հատկանիշներով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: