Լրահոս
14.04.23, 14:14

Երևանում կատուների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին տվյալները դարձվել են քննության առարկա

Երևանում կատուների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին տվյալները դարձվել են քննության առարկա

Վերջին շրջանում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր հատվածներում և փողոցներում կատուների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին։ Մասնավորապես՝ քաղաքացու կողմից հաղորդում է ստացվել այն մասին, որ Դերենիկ Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի հարակից խաղահրապարակում նկատել է մորթազերծ արված կատվի։ Մեկ այլ քաղաքացի նույնաբնույթ հաղորդում է ներկայացրել առ այն, որ մորթազերծ արված կատու է տեսել Թումանյան փողոցում։

Բացի այդ, համացանցում, սոցիալական ցանցերում տեղադրվել են տեսանյութեր, որոնցում երևում են ինչ-որ երիտասարդի կողմից ենթադրաբար կատուներին խեղդելու միջոցով սպանելու և փողոցում թողնելու հանգամանքներ։ ԶԼՄ առանձին հրապարակումներում տեղեկություններ են առկա նաև մայրաքաղաքի տարբեր փողոցներում որովայնը կտրված, ծակած անկենդան տասնյակ կատուների առկայության մասին։

Հաշվի առնելով, որ քաղաքացիներից, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակման վերաբերյալ Ոստիկանությունից ստացված հաղորդումները պարունակում են կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի,  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժիններում ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է երեք քրեական վարույթ, որոնցով իրականացվում է նախաքննություն։

Քրեական նշված վարույթներից մեկով առկա են նախնական տվյալներ նման արարք կատարած անձի ինքնության վերաբերյալ, վերջինս Երևանի բնակիչ է՝ ծնված 2000թ.-ին:

Դեպքերի հանգամանքները լիարժեքորեն պարզելու նպատակով իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ, հետաքննության մարմնին տրվել են դրանց բացահայտմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ։

ՀՀ քննչական կոմիտեն հետամուտ է լինելու կենդանիների նկատմամբ շարունակվող դաժանությունների առերևույթ դեպքերի պարզմանը և հանցագործություն կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելուն։

Կատուների նկատմամբ նմանատիպ այլ դրսևորումների մասին տվյալներ ունեցող քաղաքացիներին խնդրում ենք այդպիսիք տրամադրել իրավապահ մարմիններին և ակտիվորեն համագործակցել՝ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու նպատակով։   

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: