Լրահոս
23.07.21, 13:29

Երիտասարդը կալանավորվել է խարդախության համար

Երիտասարդը կալանավորվել է խարդախության համար

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է 23-ամյա երիտասարդի կողմից խարդախությամբ խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ երիտասարդը տեղյակ լինելով, որ Արարատի մարզի բնակչի թոռը զոհվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում, խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, խաբեությամբ ձեռք բերելով Արարատի մարզի բնակչի անվամբ գրանցված  ֆեյսբուքյան էջ մուտք գործելու հնարավորություն, «Messenger» հավելվածի միջոցով նամակագրական կապ է հաստատել Կանադայում բնակվող վերջինս ծանոթ կնոջ հետ և զոհված թոռան գերեզմանատան ծախսերը հոգալու պատրվակով խնդրել է որպես օգնություն գումար ուղարկել: 23-ամյա տղայի կողմից նշված անձանց անվամբ դրամական փոխանցումների համակարգով կինը կատարել է խոշոր չափերի՝ 1.606.637 դրամի փոխանցում, ինչը երիտասարդը խաբեության եղանակով հափշտակել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: