Լրահոս
14.05.22, 11:36

Երկրորդ մեղադրյալը՝ «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու գործով

Երկրորդ մեղադրյալը՝ «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու գործով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում  քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է 2022 թվականի ապրիլի 27-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքի ընթացքում «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրած երկրորդ անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1972թ. ծնված բնակիչ Ա.Ա.-ն է: Վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքի ընթացքում մի խումբ մասնակիցներ, անտեսելով պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու՝ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված պահանջները, բողոքի ակցիա իրականացնող այլ անձանցից առանձնանալու, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված՝ խախտել են հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք: Տեղեկացվել էր նաև, որ հիշյալ հավաքի մասնակից, Երևանի 42-ամյա բնակիչ Ա.Խ.-ն, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն էր գործադրել նշված վայրում քայլող՝ «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ և համապատասխան քրեական գործի շրջանակներում որոշում էր կայացվել՝ Ա.Խ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ հանրորեն վտանգավոր վերոնշյալ արարքը կատարելու համար: Վերջինս կալանավորվել էր:

Հավելենք, որ նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: