Լրահոս
26.11.18, 09:13

Երկու անձի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Երկու անձի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ երկու  երիտասարդների առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2018թ. հունիսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի ժամանցի կենտրոններից մեկում երկու երիտասարդների միջև կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որը հետագայում շարունակվել է Արմավիր քաղաքի Կարմիր Կամուրջի մոտ:

Քննությամբ պարզվել է, որ նշված օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչը՝ ծնված 1995թ., ուսով դիպչելու շուրջ ծագած վիճաբանության ժամանկ իր մոտ գտնվող դանակով հարվածել է նույն մարզի բնակչի՝ ծնված 1990 թվականին, ազդրին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության մարմնական վնաս՝ աջ ազդրի ծակած վերք՝ մկանների վնասումով:

Բացի այդ, նույն վիճաբանության ժամանակ 23-ամյա երիտասարդը դանակով վնասվածք է հասցրել նաև իր հետ վիճաբանության վայր ժամանած իր ընկերոջը՝ ծնված 1990 թվականին: Մասնավորապես՝ երբ ընկերը փորձել է բաժանել վիճաբանող կողմերին և թիկունքից մոտեցել է 23-ամյա երիտասարդին՝ փորձելով կանխել նրա գործողությունները, վերջինս, չիմանալով, որ իրեն մոտեցողն իր ընկերն է, դանակով դիտավորությամբ հետհարվածներ է հասցրել նրա ձեռքին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության մարմնական վնաս՝ ձախ նախաբազկի կտրած-ծակած վերք՝մկանների, անոթների, նյարդի վնասմամբ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 23-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: