Լրահոս
10.06.19, 11:58

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ երիտասարդ տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ երիտասարդ տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ մի խումբ անձանց կողմից երիտասարդ տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 09:05-ին, «Արմենիա» ՀԲԿ բուժօգնության է տեղափոխվել երիտասարդ տղամարդ՝ ծեծված վիճակում՝ պոլիտրավմա ախտորոշմամբ: Նախապատրաստված նյութերով պարզվել է տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է Վարդենիսի բնակիչ՝ ծնված 1985 թվականին:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: 1985թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող:

Իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից մեկը հանդիսանում է Ապարան քաղաքի բնակիչ՝ ծնված 1975թ.,իսկ մյուսը՝ Գավառ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1983 թվականին: Վերջիններս հարցաքննվել են դեպքի շուրջ: Պարզվել է, որ տուժողը մարմնական վնասվածքն ստացել է վերջիններիս հետ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վարդենիսի՝ 1975 և Գավառի 1983թթ. ծնված տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպի մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև՝ միջադեպին հնարավոր այլ անձանց մասնակցությունն ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: