Երկու երիտասարդի մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ երկու երիտասարդների առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 26-ին՝ ժամը 19:30-ին, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի առաջային պատի կտրված վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 22-ամյա երիտասարդ:
Նույն օրը՝ ժամը 21:10-ին, մեկ այլ հաղորդում է ստացվել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից, ըստ որի «ձախ միջին երրորդականի առաջային մակերեսի կտրած վերք, թիկունքի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 33-ամյա բնակիչ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հիշյալ երկու անձինք տուժող են ճանաչվել:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական լայնածավալ գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր: Կատարվել են առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ: Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու քննչական գործողություն:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1975 թվականին ծնված բնակիչ է:
Պարզվել է, որ 2022թ. մարտի 26-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա.Տիգրանյան փողոցում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում առերևույթ հանցագործության կատարած անձը կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել Երևան քաղաքի՝ վերոհիշյալ բնակիչներին և պատճառել նշված վնասվածքները:
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: