Լրահոս
30.05.18, 14:01

Երկու հոգու մեղադրանք է առաջադրվել՝ «Lragir.am»-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար

Երկու հոգու մեղադրանք է առաջադրվել՝ «Lragir.am»-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՝ ապրիլի 20-ին «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 20-ին Երևան քաղաքի Արմենակյան փողոցի մոտակայքում տեղի ունեցող բողոքի ակցիան լուսաբանելու ժամանակ երկու անձ՝ արական և իգական սեռի, բռնություն են գործադրել «Lragir.am» տեղեկատվական հարթակի լրագրող Թ.Ենոքյանի նկատմամբ՝ հարվածել վերջինիս գլխին, քաշել մազերը՝ արգելելով նկարահանում կատարել, որով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնության վերաբերյալ, ովքեր հանդիսանում են Երևանի բնակիչներ՝ արական և իգական սեռի՝ ծնված 1999 և 1973թթ.:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երիտասարդին և Երևանի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: