Լրահոս
16.08.21, 14:23

Երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ (լուսանկարներ)

Երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ (լուսանկարներ)

2021թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի բնակիչը, իր կողմից վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհով դեպի Երևան քաղաքի ուղղությամբ ընթանալիս, Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում թույլ տալով ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջ կողմում գտնվող գովազդային վահանակին, այնուհետև՝ ծառին և կանգ առել:

Ավտովթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող հինգ ուղևորներից երկուսը մահացել են, իսկ վարորդը և մյուս երեք ուղևորներն ստացել են մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Հինգ ուղևորները ճանաչվել են տուժող:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են վարորդի հագին պատահարի ժամանակ եղած  հագուստները, վերջինիցս վերցվել է արյան նմուշ, նշանակվել են դիակի դատաբժշկական,  դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ:

ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է հանձնարարություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: