Լրահոս
28.02.23, 07:13

Երթուղային ավտոբուսում կատարված գրպանահատության դեպք է բացահայտվել. դատարանը մերժել է մեղադրյալներից մեկին կալանավորելու միջնորդությունը

Երթուղային ավտոբուսում կատարված գրպանահատության դեպք է բացահայտվել.  դատարանը մերժել է մեղադրյալներից մեկին կալանավորելու միջնորդությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 2023թ. փետրվարի 19-ին երթուղային ավտոբուսում կատարված գողության դեպքի հանգամանքները:

2023թ. փետրվարի 19-ին Երևանի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Օպերայի տարածքից նստել է երթուղային ավտոբուս և իջել է «Դալմա» առևտրի կենտրոնի մոտ, որից հետո նկատել է, որ իր ձեռքի պայուսակից բացակայում է  դրամապանակը, որի մեջ եղել է  70.000 ՀՀ դրամ գումար, նույնականացման քարտը և բանկային քարտ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1990թ.:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ բնակիչները, խմբի կազմում հափշտակություն կատարելու նախնական համաձայնությամբ, երթուղային ավտոբուսի սրահում գտնվող քաղաքացու ձեռքի պայուսակից հափշտակել են վերջինիս պատկանող դրամապանակը, որի մեջ եղել է շուրջ 75.000 ՀՀ դրամ գումար, բանկային քարտ և նույնականացման քարտ, որից հետո՝ ժամը 14:11-ին, Երևան քաղաքի Կիևյան փողոցում գտնվող բանկոմատից կատարել են 20.000 ՀՀ դրամի կանխիկացում՝ քաղաքացուն պատճառելով շուրջ 95.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

ՀՀ ոստիկանության ՆԳՆ պարեկային ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք հայտնաբերվել են և ձերբակալվել՝ հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված գումարը:

Վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդության բավարարման արդյունքում հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նշված երկու անձանց նկատմամբ, և 32-ամյա տղամարդկանցից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և  254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ երկու մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով։ Դատարանը բավարարել է նրանցից մեկի վերաբերյալ միջնորդությունը, սակայն մերժել է մյուսի վերաբերյալ միջնորդությունը։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: