Ես իմ աշխատանքին որպես առաքելության եմ մոտենում․ Լոռու մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանը 22 տարի է համակարգում է
Լոռու մարզում պարեկային ծառայության ներդրումից հետո կտրուկ աճել է իշխանության ներկայացուցիչների հանդեպ ոտնձգությունների դեպքերը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, իսկ բնակարանային գողությունների դեպքերը հակառակը՝ կտրուկ նվազել են․ այս մասին Iravaban.net–ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում նշեց Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սահակ Մկրտչյանը։
- Պարոն Մկրտչյան, ինչպես կգնահատեք 2022թ մարզում հանցավորության վիճակի դինամիկան հատկապես հանցագորոծությունների բացահայտելիության տեսանկյունից:
-Ինչպես Հանրապետության բոլոր մարզերում, այնպես էլ Լոռու մարզում տարեցտարի աճել է հանցագործությունների քանակը: 2022թ. արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ: Եթե 2020թ. մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 308 գործ (վարույթ), ապա 2021 թվականին` 326 գործ (վարույթ), իսկ 2022 թվականին՝ 344 գործ (վարույթ)։ 2022 թվականի ապրիլի 16-ին Լոռու մարզում ներդրվեց պարեկային ծառայությունը: Հաջորդող ամիսներին կտրուկ աճել է իշխանության ներկայացուցիչների հանդեպ ոտնձգությունների դեպքերը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Նաև Լոռու մարզային քննչական վարչության ծառայողների կողմից իրակացվող վարույթներով վարած օբյեկտիվ, անաչառ և կտրուկ միջոցների արդյունքով լուրջ նվազում արձանագրվեց նշված հանցատեսակի քանակի մեջ: Հիշատակված ծառայության ներդրմամբ կտրուկ նվազել են բնակարանային գողությունների դեպքերը:
–Ո՞ր տեսակի հանցագործությունների բացահայտման առումով են մարզային վարչությունը և ենթակա բաժինները հաջողություններ ունեցել և որոնցո՞վ եք խնդիրներ տեսնում:
–Գրեթե բոլոր հանցագործությունների բացահայտման առումով ունեցել է հաջողություններ, որը պայմանավորված է իրավապահ մյուս գերատեսչությունների տարածքային ստորաբաժանումների հետ համագործակցության որակով, աշխատանքները հնարավորինս ճիշտ կազմակերպելով:
–Ի՞նչ առանձնահատկություններ ունի Լոռու մարզը հանցագործությունների բնույթով պայմանավորված: Արդյո՞ք «միամիտ լոռեցու» կերպարային պատկերացումները որևէ ձևով արտահայտվում են մարզի կրիմինոգեն վիճակում:
–Լոռու մարզն առանձնանում է իր չնաշխարհիկ բնությամբ, անտառային տարածքների առատությամբ։ Հետևաբար մարզն աչքի է ընկնում շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների՝ մասնավորապես ծառերն ապօրինի հատելու դեպքերի քանակով, չնայած, որ նշված հանցատեսակով նույնպես արձանագրվում է նվազում։ 2021 թվականին ունեցել ենք այդպիսի 108 դեպք, 2022 թվականին՝ 76 դեպք: Թեև 2023թ․ անցած ամիսները դեռևս չենք ամփոփել, սակայն համոզված եմ, որ հաջողվել է այս դինամիկան պահպանել։
Նշված հանցատեսակների դեմ պայքարը գտնվում է բոլորիս ուշադրության կենտրոնում, ենթադրյալ հանցանք կատարած անձանց նկատմամբ մոտեցումն անզիջում է և շատ խիստ: Իսկ «միամիտ լոռեցու» կերպարը բոլորիս քաջ հայտնի, ավելի շատ հումորային ծագում ունի, հասարակական հարաբերությունների զարգացման արդի տեմպերի պայմաններում դժվար է պատկերացնել միամիտ մարդու կերպար: Լոռեցիները, որպես կանոն, ազնիվ, աշխատասեր, հայրենասեր, արժանապատիվ և կենսուրախ մարդիկ են:
– Քննչական մարմինն ինչպիսի՞ գործիքակազմով է կարողանում ազդել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի արդյունավետության վրա:
– Այս հանցատեսակների դեմ պայքարում լուրջ հաջողություն արձանագրվեց պարեկային ծառայության ներդրումից հետո։ 2023 թվականին շատ ավելի նկատելի է արդյունքը: Եթե 2022 թվականի 5 ամիսներին արձանագրվել է անտառհատումների 53 դեպք, ապա 2023 թվականի հինգ ամիսների ընթացքում 42 դեպք, որը լուրջ ձեռքբերում է: Ինչպես վերը նշեցի այս հանցատեսակի դեմ պայքարի արյդյունավետվությունը պայմանավորված է անզիջում, հետևողական լինելով և ենթադրյալ հանցանք կատարած անձանց նկատմամբ օրենքի ամբողջ խստությամբ մոտենալով: Քննչական մարմնի դերը տվյալ դեպքում արդյունավետ քննությամբ դեպքերի բացահայտումն է, հանցավորների համար պատժի անխուսափելիության ապահովումը, որոնք կանխարգելիչ նշանակություն ունեն։
-Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների դեպքեր եղե՞լ են: Պետության կողմից որդեգրվե՞լ է անչափահասների նկատմամբ ավելի մեղմ վերաբերմունք: Ի՞նչ եք կարծում դա նպաստո՞ւմ է նրանց ուղղմանը և ի՞նչ առանձնահատկություններ ունեն անչափահասներին վերաբերող քննությունները:
-Անչափահասների մասնակցությամբ և նրանց կողմից կատարվող հանցագործությունները լինում են և դա մտահոգիչ է: Որպես կանոն՝ գողություններ են: Անչափահասները, որպես կանոն, նշված հանցագործության կատարմանը ներգրավվում են գողություններ կատարելու հակում ունեցող, նախկինում դատապարտված չափահասների կողմից: Հանդիպում են դեպքեր, երբ անչափահասները չափահասի կողմից ներգրավում են որպես «գործիք»: Անչափահասների նկատմամբ ավելի մեղմ վերաբերմունքի որդեգրումը ճիշտ ուղեգիծ է, հատկապես երբ նրանք առաջին անգամ են հանցավոր ոտնձգություն կատարում։ Բազմաթիվ են դեպքերը, երբ հենց մեղմ մոտեցման, որոշակի իմաստով ներողամտություն ցուցաբերելու արդյունքում են նրանք ուղղվում, դառնում օրինապահ քաղաքացիներ, քանի որ հասկանում են արդեն, թե հանցավոր վարքագիծը ինչ հետևանքներ է ունենում։
-Քննիչներն աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ, այդ պատճառով նաև համակարգում կադրերի հոսք է տեղի ունենում: Նախ կուզենայի իմանալ ինչպիսի՞ն է վարչության և ենթակա ստորաբաժանումների կադրային հագեցվածության մակարդակն ու որքանո՞վ եք այդ ծանրաբեռնվածության ֆոնին արդյունավետ համարում իրականացվող քննությունները:
-Լոռու մարզային քննչական վարչությունը մարզային ստորաբաժանումներից իր ծանրաբեռնվածությամբ և դեպքերի քանակով զիջում է միայն Կոտայքի մարզային քննչական վարչությանը: Վարչության կարդրային հագեցվածությունը 82 տոկոս է, սակայն մոտ ապագայում թիվը կփոփոխվի և կունենանք լուրջ քանակական համալրում: ՀՀ քննչական կոմիտեում աշխատանքը շատ գրավիչ է դարձել երիտասարդ իրավաբանների համար և դիմումատուների քանակը կտրուկ աճել է:
Որքանո՞վ տեղյակ եմ՝ Լոռվա մարզից Արդարադատության ակադեմիայում ներկա պահին ուսումնառություն են անցնում 6 իրավաբան, որոնք հաջողությամբ ավարտելուց հետո կարող են համալրել մեր շարքերը: Կադրերի հոսքը, ինչպես բնորոշ է բոլոր մեծ համակարգերին կա, բայց այն օրինաչափության սահմաններում է: Քիչ չեն դեպքեր, երբ մեր շարքերը լքում են անձինք, ովքեր բարեխիղճ չեն: Չնայած ծանրաբեռնվածությանը, իրականացվող նախաքննությունը, գտնում եմ՝ արդյունավետ է:
-Ձեր ղեկավարությամբ Լոռու մարզային քննչական վարչությունը 2021 թվականին ճանաչվել էր լավագույն ստորաբաժանում: Նման գնահատականը հետագա տարիների համար ավելի շատ մոտիվացնո՞ւմ է, թե՞ հակառակը: Որևէ կերպ զգացե՞լ եք դրա դրական կամ բացասական ազդեցությունը աշխատակիցների գործունեության վրա:
-2021 թվականին Լոռու մարզային քննչական վարչությունն իսկապես ճանաչվեց լավագույն մարզային ստորաբաժանում, որը բնականաբար պարտավորեցնող է։ Ամբողջ անձնակազմը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից խրախուսվել է, արժանացել գովասանքի խոսքերի: Վարչությունն այդ հաջողությանը հասել է անխոնջ և նվիրումով աշխատանքի արդյունքում: Տարվա վերջին ամիսներին ուժերի գերլարումով, որը բոլորիս համար ամենացանկալի արդյունքն է եղել և կատարված աշխատանքի բարձր գնահատականը: Իհարկե, դա նշաձող է, որին փորձում ես հետագա տարիներին ևս համապատասխան լինել։ Եվ այդ առումով միանշանակ դրական է անդրադարձել ստորաբաժանման աշխատակիցների վրա։ Կարծում եմ՝ մրցակցության ոգով խրախուսումը որոշ դեպքերում արտադրողականության ավելացման ավելի մեծ խթան կարող է լինել։
-Ձեր կենսագրությունն ամբողջությամբ կապված է քննչական գործունեության հետ․ դա մասնագիտությունը սիրելու արդյու՞նք է, թե՞ այլ գործոններ են դեր խաղացել:
–Անընդմեջ 22 տարի քննիչի բարձր կոչում կրելը, միանշանակ, մասնագիտությունը և աշխատանքը սիրելու, աշխատանքի նվիրվածության արդյունք է: Մանավանդ մեր ոլորտում, որը պետության ներսում իրավակարգի պաշտպանության ակունքներում է և ուզես թե չուզես, այդ աշխատանքը դառնում է առաքելություն։ Ես իմ աշխատանքին որպես առաքելության եմ մոտենում։
-Հետադարձ հայացք գցելով 22 տարվա Ձեր քննչական գործունեությանը՝ քննիչների սերնդափոխության գործընթացում ինչպիսի՞ փոփոխություններ եք նկատել: Ի՞նչ տարբերություններ եք տեսնում նախկին և ներկա քննիչների, քննչական աշխատանքի միջև:
-Նախկինում սերնդափոխությունը կատարվում էր անհամաչափ: Երբ 2001 թվականին նշանակվեցի քննիչ, տվյալ ստորաբաժանման ծառայողների 90 տոկոսը տարիքով ծառայողներ էին և մի պահ տարիքով ծառայողների թոշակի անցնելուց հետո փորձառու ծառայողների պակաս նկատվեց, իսկ վերջին տարիներին սերնդափոխությունը համաչափ է տեղի ունենում: Բոլոր ժամանակներում էլ եղել են նվիրված, պարտաճանաչ ծառայողներ:
-Վարչության և ենթակա ստորաբաժինների գործունեության հետ կապված ի՞նչ խնդիրեներ եք առանձնացրել, որոնց 2023 թ հատուկ առաջնահերթություն եք տալու:
–Որպես խնդիր ես առանձնացնում եմ նախաձեռնվող վարույթների և ընթացիկ վարույթների աննախադեպ քանակը․ յուրաքանչյուր ամիս՝ 300-ից ավել։ Դրանից ելնելով՝ ինքս առաջնային եմ համարում ընթացիկ վարույթների նվազեցումը, քննիչների ծանրաբեռնվածության որոշակի թոթափումը։ Կարծում եմ՝ ստորաբաժանման կադրային համալրումը դրական ազդեցություն կունենա այս խնդրի լուծման ճանապարհին։
ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների: