Լրահոս
16.03.22, 08:21

«Ֆինիկո» անվանումով ընկերության հանցավոր գործունեությունից տուժած անձանց խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե

«Ֆինիկո» անվանումով ընկերության հանցավոր գործունեությունից տուժած անձանց խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողություններ՝ «Ֆինիկո» ընկերության հանցավոր գործունեության արդյունքում տուժած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. մարտից Հայաստանի Հանրապետությունում գործունեություն է իրականացրել «Ֆինիկո» («FINIKO») անվանումով ընկերություն, որը գործել է որպես ֆինանսական ներդրումային գործունեություն իրականացնող ընկերություն և հաճախորդներին առաջարկել է ներդրումներ կատարել՝ հետագայում 25-30 տոկոս եկամտաբերություն ստանալու նպատակով: Ներդրումները կատարվել են կանխիկ գումարները կրիպտոարժույթի փոխարկելու և դրանք ընկերության համապատասխան էլեկտրոնային դրամապանակ մուտքագրելու եղանակով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ստեղծվել և ղեկավարվել է ֆինանսական բուրգ, այսինքն՝ իրականացվել է գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն, որով գույք ներդրողի օգուտը պայմանավորվել է նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին՝ առանց նշված գույքն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության, որի արդյունքում անձանց պատճառվել է խոշոր չափի վնաս:  Պարզվել է նաև, որ ՀՀ տարածքում «Ֆինիկո» անվանումով ընկերության գործունեությունը ղեկավարվել է Վազգեն Զոբոյանի և վերջինիս կնոջ կողմից, ովքեր 2021թ. հուլիսի 31-ից Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում:

Վարույթն իրականացնող մարմինը հորդորում է, որ նշված ընկերության հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիները դիմեն Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: