Ֆիզիկոս Արմեն Մնացականյանի սպանության գործով անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, ֆիզիկոս Արմեն Մնացականյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել Վանաձորի բնակիչ, անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ։ Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի հուլիսի 03-ին Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1961թ. ծնված Արմեն Մնացականյանի դիակը՝ «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով և ձախ թևի քերծվածքներով»: Պարզվել է, որ Ա.Մնացականյանի դին բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքին հարակից հանդամասում գտնվող քլորատան մոտակայքից։
Սպանության դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ա.Մնացականյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքը պատճառվել է ծաղկի վաճառքով զբաղվող անհատ ձեռնարկատիրոջ մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Ըստ քննության տվյալների՝ 2016 թվականի հուլիսի 3-ին Ա.Մնացականյանի ընկերոջ՝ Ռ.Մարտիրոսյանի խնդրանքով երրորդ անձը 5000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամը տվել է ծաղկի վաճառքով զբաղվող անհատ ձեռնարկատիրոջը՝ այն մանրելու խնդրանքով։ Գումարային հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, որը շարունակվել է Վանաձոր քաղաքի խճուղուն կից հանդամասում, որտեղ վերջինս և Ռ.Մարտիրոսյանն առանձնացել են՝ զրուցելու նպատակով։ Վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ՝Ռ.Մարտիրոսյանի ուղղությամբ, սակայն գնդակները նրան չեն դիպել։ Լսելով կրակոցի ձայները՝ նրանց է մոտեցել Ա.Մնացականյանը և փորձել հանդարտեցնել, որի ժամանակ նույն հրազենից կրակոց է արձակվել գիտնականի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2016 թվականի հուլիսի 5-ին որոշում է կայացվել՝ անհատ ձեռնարկատիրոջը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը որոշում է կայացվել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան աշխատակիցներին՝ իրականացնել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: