Լրահոս
17.08.15, 14:14

Գեղարքունիքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով վնասվածք է ստացել 14 անձ

Գեղարքունիքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով վնասվածք է ստացել 14 անձ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  Գեղարքունիքի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։

 

2015թ. օգոստոսի 17-ին` ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող Ա.Պետրոսյանի վարած ՊԱԶ-32053 մակնիշի ավտոմեքենան Սևան-Գետափ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել հարակից ձորակը, ինչի հետևանքով ավտոմեքենայի 18 ուղեւորներից 14-ն ստացել են մարմնական վնասվածքներ, որոնցից 13-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։

 

Դեպքի առթիվ  քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին մասով (մեքենան վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը):

 

Նշանակվել է փորձաքննություն, 14 անձ ճանաչվել է տուժող։ Քննություն է տարվում պարզելու վթարի պատճառները։